Երևան ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Առաջինի լրատվական ալիքին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է այցի նպատակներին, քննարկվող հարցերի շրջանակին և հեռանկարներին: Նա հատուկ անդրադարձ է կատարել գերիների վերադարձի թեմային՝ նշելով, որ խնդիրը Եվրամիությունը պահում է ուշադրության կենտրոնում:
Տոյվո Կլաար, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ - Վստահեցնում եմ՝ այս հարցն այն հարցերից է, որին Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում: Դա մի հարց է, որը քննարկվել է այսօր Երևանում և երեկ՝ Բաքվում: Եվրամիությունը տարբեր առիթներով և տարբեր մակարդակներում շեշտել է, որ պետք է բոլոր գերեվարված անձինք ազատ արձակվեն: Դա Եվրոպական միության հիմնարար սկզբունքներից է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կրկնեմ, դա մի հարց է, որի լուծման գործում ներգրավված են միությունը, անդամ երկրները: Դեկտեմբերի հանդիպումից հետո 10 ռազմագերի ազատ արձակվեց, այնուհետև ևս 5-ը: Մենք անհամբեր սպասում ենք գերիների հետագա ազատ արձակմանը: Ի վերջո, դա հույժ կարևոր տարր է՝ տարածաշրջանում փոխվստահության վերականգնման համար: