Անկախությունից ի վեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ:
Անազատության մեջ հայտնված մարդիկ սովորելու ցանկություն ունեն, օրենքում էլ կարծես բացեր չկան, բայց գործնականում են խնդիրներ առաջանում:
Նարե Հովհաննիսյան («Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ) - Հիմնական խնդիրը վճարի հարցն է, աշխատավարձի հարցը կարգավորված չէ, եթե աշխատեն էլ՝ չեն կարող հոգալ ծախսերը: Եթե հաջողվում է, հիմնական բեռը մնում է դատապարտյալների ընտանիքների վրա:
Ընտանիքների օգնությամբ Արմավիր քրեկատարողական հիմնարկի դատապարտյալներից 5-ն այս պահին բարձրագույն կրթություն է ստանում, բայց ցանկացողներն ավելի շատ են:
Հրայր Անանյան (ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ) - Ներկա դրությամբ «Արմավիր» ՔԿ-ում 20-25 ազատազրկված անձինք ցանկություն ունեն սովորելու, վարձավճարի պատճառով չեն կարողանում ուսանել:
«Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալի տեղեկացմամբ՝ եթե նախկինում դատապարտյալները հնարավորություն ունեին միայն «Ուրարտու» համալսարանում սովորել, ապա վերջին 2 տարվա ընթացքում գրեթե բոլոր բուհերի հետ են գործակցում: Անազատության մեջ հայտնված մարդիկ հիմնականում հոգեբանություն ու իրավագիտություն են սովորում:
Հռիփսիմե Պետրոսյան («Ուրարտու» համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ) - Չեք պատկերացնում՝ ինչ ոգևորությամբ են պատրաստվում քննություններին, պատրաստվածությունը, ցանկությունը սովորելու տենչը խոսում են այն մասին, որ տվյալ անձինք կարիք ունեն սոցիալական ադապտացման, շփման:
Նարե Հովհաննիսյան - Շատ դեպքերում հնարավոր է՝ բուհը համաձայնի, բայց դասախոսները չեն համաձայնում գնալ բանտ:
Այս դեպքում էլ արդեն անձի վերաբերմունքն է խնդիրներ առաջացնում: Վերասոցիալականացման համար բանտում հայտնված մարդկանց կրթություն ստանալը ճակատագրական քայլ է ու կարևոր գործոն:
Ազատության մեջ հայտնվելով՝ նրանք կկարողանան աշխատանք գտնել ու հեռու մնալ հանցավոր աշխարհից: