Հայաստանում սովորող աշակերտների մոտ 2.6 տոկոսը հաճախում է ոչ պետական դպրոցներ: Մասնավոր դպրոցները մեր երկրում 48-ն են: Պետական հանրակրթական հաստատությունների տարրական դասարաններում դասագրքերն անվճար են տրամադրվում, մասնավոր դպրոցներում այդ գումարը տալիս է կա՛մ կրթօջախը, կա՛մ ծնողը: Նոր փոփոխությամբ առաջարկվում է բոլորի համար դասագրքերը դարձնել անվճար:
Դավիթ Սահակյան («Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի խորհրդի անդամ) - Մշտապես ոչ պետական դպրոցները հարց էին բարձրաձայնում, որ ստացվում է, որ որոշ երեխաներ, որոնք ևս երկրի քաղաքացի են, որոնք ևս տարրական դպրոցի աշակերտ են, բայց զրկված են այդ հնարավորությունից: Սա սոցիալական հարց չի, սա երեխաների իրավունքի և հավասարության հարց է:
2021-ին պետությունը 1 միլիարդ դրամ է հատկացրել տարրական դասարանների դասագրքերի համար, առաջին դասարանի համար՝ 7.710, երկրորդի՝ 13.600, երրորդի՝ 21.100, իսկ չորրորդի համար՝ 22.200 դրամ: Պատասխանատու գերատեսչությունն արդեն հաշվարկել է, թե որքան կավելանա պետության ծախսը փոփոխությունից հետո:
Ստալ Սարդարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ) - Մենք գիտենք ոչ պետական ուսումնական հաստատություններում սովորողների թիվը տարրական դասարաններում. 1-4 դասարաններում սովորում է շուրջ 4000 սովորող և նախնական հաշվարկներով այդ ծախսը կկազմի նրանց համար շուրջ 70 միլիոն դրամ:
«Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի անդամ Դավիթ Սահակյանի դիտարկմամբ այս փոփոխությունը կլուծի նաև մեկ այլ խնդիր, որին իրենք տարիներ շարունակ բախվում են: Կան դասագրքեր, որոնք հասանելի չեն:
Դավիթ Սահակյան - Կան տպագրատներ, հրատարակչություններ, որոնց դասագրքերը հեշտ է ձեռք բերել. օրինակ՝ մայրենիի կամ մաթեմատիկայի դասագրքերը դեռ հաջողվում է ձեռք բերել հրատարակիչներից, չնայած՝ լինում են տարիներ, երբ լինում է սահմանափակում. քանակի տպագրությունն ավարտվեց, և վերջ, բայց կան դասագրքեր, որոնք գրեթե անհնար է ձեռք բերել, և մենք այդպես էլ չունենք: Օրինակ՝ տեխնոլոգիայի դասագիրքը:
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը մոտ 25 տարի դասագրքեր է տպագրում. հիմնականում՝ «Այբբենարանը», «Մայրենին» ու «Ռուսերենը»՝ իրենց աշխատանքային տետրերով: Կախված նախարարության պատվերից՝ այդքան էլ տպագրում են: «Այբբենարանը»՝ ամեն տարի, «Մայրենին» ու «Ռուսերենը»՝ երկու տարին մեկ անգամ: Նախարարության հատուկ պատվերից բացի՝ ազատ վաճառքով ընկերությունը մասնավոր դպրոցներին ամեն տարի 2000-3000 օրինակ է վաճառում:
Մկրտիչ Կարապետյան («Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն) - Էս գրքերը մեծամասամբ գրախանութներից են ձեռք բերում կամ դպրոցները, եթե ուղիղ մեզ հետ են, պայմանագրով գումարները փոխանցում են, դասագրքերը մենք տալիս ենք դպրոցներին, ու էստեղ տրված չէ էնպիսի բան, որ պետությունը թույլ չտա և այլն, այսինքն՝ խանգարի, ընդհակառակը՝ պետությունն օգնում Է, դե մենք էլ նույն ձևի ինչ գներով որ տալիս ենք պետությանը, նույն գնով տալիս ենք մասնավորին:
Պետական ու մասնավոր դպրոցների դասագրքերի բովանդակությունը նույնն է, տարբերվում են կազմով և «Վաճառքի ենթակա չէ» գրությամբ: Հանրակրթության չափորոշիչների փոփոխությունից հետո առաջիկայում նոր մրցույթներ կհայտարարվեն: Նոր փոփոխությամբ դպրոցն ինքն է ընտրելու, թե որ հրատարակչի դասագիրքն է նախընտրում:
Մկրտիչ Կարապետյան - Հավանաբար 23 թվականից նոր կսկսեն, նոր մրցույթները նոր դասագրքերի էստեղ էլի կարող ա մեկ դասագիրք կամ երկու հատ չլինի ալտերնատիվ, այլ լինի շատ՝ 3, 4, ոնց որ ամբողջ աշխարհում, ուղղակի Հայաստանը քանի որ շուկան փոքր ա, դրա համար իմաստը շատ դասագրքերի կորցնում ա, որովհետև գները կբարձրանան:
Իսկ գինը կարող է բարձրանալ, եթե նոր խաղացողներ հայտնվեն: Այսօր մեկ դասագիրք տպագրելու արժեքը կախված էջերի քանակից 1000-ից հասնում է մինչև 2000 դրամի: Տպագրատները չեն թանկացնում, բայց տվյալ իրավիճակում նաև չեն բացառում: