Ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով և անգամ հանրային տրանսպորտում առաջարկվում է արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի խաղատան գովազդը: Ազգային ժողովը Ֆինանսների նախարարության մշակած օրինագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ:
Քվեարկությունից հետո խորհրդարանը շարունակեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Մշակույթի նախկին նախարար Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսի, և նախկին պատգամավոր, դերասան և երգիչ Արթուր Մանուկյանի թեկնածությունները: Այսօր Մանուկյանի հերթն էր՝ ներկայացնելու մեդիադաշտի վերաբերյալ իր պատկերացումները: Թեկնածուն նախ դժգոհություն հայտնեց եթերում հնչող երաժշտության և ցուցադրվող հաղորդումների որակի վերաբերյալ:
Արթուր Մանուկյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու - Երեխաներն աշխարհը ճանաչում են անգլերենով կամ ռուսերենով, ես դրան դեմ չեմ, բայց մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք, երիտասարդների համար գռեհկաբանական հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ ենք կորցնում:
Արթուր Մանուկյանի խոսքով՝ խնդիրը հնարավոր է լուծել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու կրթության և մշակույթի համակարգմամբ զբաղվող գերատեսչության առավել սերտ համագործակցությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց՝ Քաղպայմանագիր կուսակցության անդամ Արթուր Մանուկյանն ընտրվելու դեպքում արդյոք լքելո՞ւ է քաղաքական ուժի շարքերը:
Արթուր Մանուկյան - Օրենքի պահանջ է, սառեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը, և նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից: Ոմանց համար երդումը ոչինչ չի նշանակում, ինձ համար երդումը շատ բան է նշանակում:
Թեկնածուի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ընդդիմադիր գործիչն արձագանքեց Քաղպայմանագրից Վահագն Ալեքսանյանի երեկվա ելույթին: Ալեքսանյանն, անդրադառնալով որոշ լրագրողների մասնագիտական գործունեությանը, նշել էր, որ ամենօրյա ատելության քարոզ է տարվում գումարի դիմաց՝ վերջիններին անվանելով վերբալ մարմնավաճառ: Նախկին լրագրող Գեղամ Մանուկյանը խոսքն ուղղեց լրագրողական համայնքին:
Գեղամ Մանուկյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Հայաստանում սկսվել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակվում են, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դիմացը չառնելու դեպքում, նույն ձևով, ինչպես դատարաններն էին շրջափակում, ձեր խմբագրություններն են շրջափակելու, օրինակներն էլ կան: Մեկ-երկու հայտարարությունից հետո կոնկրետ քայլերի չեք դիմում: Շարունակում եք օթյակում նստել, խմբագրություններում լինել, բայց կտրուկ գործողությունների չեք դիմում: Այսպես անհնար է շարունակել, դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությունը:
Արձագանքելով Մանուկյանի ելույթում հնչեցված մեղադրանքներին՝ «Քաղաքացիական պայմանագրից» Հասմիկ Հակոբյանը հիշեցրեց նախկին իշխանությունների կառավարման տարիներին լրագրողների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները:
Հասմիկ Հակոբյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր - Լրագրողական համայնքը տեռորի զոհ էր, երբ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեքենան էին պայթեցնում խմբագրության առաջ, նույն ձեր սրտի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի կողմից «Հրապարակ» թերթի լրագրողի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարն էր լրագրողական համայնքի հանդեպ տեռորը, իսկ լրագրողն ընդամենը հարցրել էր, թե ինչո՞ւ են նրան հեռացրել ձեր կուսակցությունից՝ Դաշնակցությունից:
Ելույթներից հետո պատգամավորներն անցան հանձնաժողովի անդամի ընտրության փակ և գաղտնի քվեարկությանը՝ զուգահեռ քննարկելով Արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու հարցը: Այս թեկնածությունը ևս առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Գրիգորյանը ներկայացրեց ՄԻՊ գործունեության առաջնահերթությունները:
Քրիստիննե Գրիգորյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու - Ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող հայատյացության սիստեմի քաղաքականությունը լինելու է Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Թե՛ այս առումով, թե՛ այլ հումանիտար հարցերում միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչի հետ նախնական քննարկել ենք և ունենք անշեղ ընկալում, որ միջազգային իրավական պրոցեսներում գործելու ենք արդյունավետ դերաբաշխման ու փոխլրացման նույն տրամաբանությամբ, ի թիվս այլնի՝ Պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները որպես սոլիդ ապացուցողական բազա օգտագործելու և այլ հարցերում»:
Քրիստինե Գրիգորյանն ընգծեց՝ շատ է կարևորում նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ գործակցությունը:
Քրիստիննե Գրիգորյան - Թեկնածուի կարգավիճակում անցած շաբաթ Արցախում հանդիպել եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ և քննարկել ենք համագործակցության այն ուղղությունները, որոնք առավել հրատապ են թե՛ Արցախում ապրող անձանց իրավունքների պաշտպանության, և թե՛ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության զարգացման համար, ի թիվս այդ հարցերի՝ Արցախի պաշտպանի հաստատության միջազգային մեկուսացման մեղմման, հաստատության կարողությունների զարգացման և այլ շատ հարցեր: Ընտրվելու դեպքում այս համագործակցությունը կրելու է ինստիտուցիոնալ բնույթ:
Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկումն ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով, այն կշարունակվի հունվարի 24-ին: Նիստի վերջում, ամփոփելով փակ և գաղտնի քվեարկության արդյունքները, հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնեց՝ Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:
Նարեկ Բաբայան, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ - Հակոբ Հակոբյան՝ կողմ 68, դեմ 0, Արթուր Մանուկյան՝ կողմ 68, դեմ՝ 0:
Հանձնաժողովի նորընտիր անդամները երդվեցին անկողմնակալ և արդար իրականացնել իրենց գործառույթները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան