Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հունվարի 20-ին հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ:
Շնորհավորելով Մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոն ընդգծել է դատարանի և Հայաստանի կառավարության միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Նախագահ Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ աշխատանքների բարեփոխումների օրակարգը, այս ուղղությամբ տարվող աշխատանքները և առկա ծրագրերը։
Դեսպան Խաչատրյանը, իր հերթին, կարևորել է ՄԻԵԴ հետ համագործակցության հետագա զարգացումը։
Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը։