2055 իրավախախտում, 1016 հարուցված վարչական վարույթ, 1116 վարչական տույժ՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամփոփում է նախորդ տարին: 2020-ին շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 1.5 մլրդ դրամը, նշանակվել է մոտ 76 մլն դրամի վարչական տուգանք, նախորդ տարի հասցված վնասի չափն ավելացել է 16 տոկոսով՝ կազմելով մոտ 2 մլրդ դրամ: Նշանակվել է 101 մլն դրամի վարչական տուգանք:
Նախորդ տարի տեսչականը 213 ստուգում է իրականացրել, որից 142-ը արտածրագրային են եղել: 17 մեծ ու փոքր ՀԷԿ-երում հայտնաբերած խախտումներով շրջակա միջավայրին հասցված 626 մլն դրամից ավելի վնաս է հաշվարկվել, և մոտ 3.5 մլն դրամի վարչական տուգանք կիրառվել: 8 ստուգում էլ «Հայանտառի» տարբեր անտառտնտեսություններում են իրականացրել, 65 մլն դրամի վնաս են հաշվարկել: Ստուգումների նյութերն արդեն իրավապահ մարմինների ձեռքում են:
Հովհաննես Մարտիրոսյան (ԲԸՏՄ ղեկավար) - Վերահսկողության ոլորտում խնդիրներ ունենք ընդերքօգտագործման ոլորտներում: Կիրառվող վարչական տուգանքների չափերը անհամեմատ ցածր են պատճառված վնասներից: Խնդրահարույց են նաև անտառպահպանման աշխատանքներում իրականացվող գործառույթները:
Տեսչականի ուշադրության կենտրոնում է նաև կենդանական աշխարհը: Ակտիվ ստուգումներ են իրականացնում որսի և ձկնոսության արգելված շրջանում: Նախորդ տարի 26 ծառայողական մեքենա կահավորվել է լուսաձայնային փարոսիկներով ու ձայնային ազդանշանային սարքերով: 50 տեսուչի համար ձեռք է բերվել համազգեստ: Այս տարվանից տեսչականը նաև խախտումների կանխարգելման նոր գործիքակազմ ունի:
Հովհաննես Մարտիրոսյան - Դա դիտարկումների, ստուգումների ժամանակ կասեցման գործիքակազմն է, որը չի եղել նախկինում և նոր է մեր գործիքակազմում ներառվել: Դրա շնորհիվ առանց տուգանելու, լրացուցիչ բեռ դնելու՝ բացատրական աշխատանքներով հնարավորություն ունենք պատշաճ վարքագիծ ապահովել:
Այս պահին տեսչական մարմիններն ունեն պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմ, բայց օրենսդրությունը դեռ կատարելագործման կարիք ունի՝ նշեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը:
Արթուր Ասոյան (Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար) - Առաջիկայում մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ պլանային ստուգումները գերակայեն ոչ պլանային ստուգումներին: Պլանավորված ստուգումները մեզ հնարավորություն են տալու ավելի արդյունավետ և խորքային վերահսկողություն իրականացնել:
Միջոցառման ավարտին տեսչականի մի շարք աշխատակիցներ և գործընկերներ պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով: