Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Ջրվեժ խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է Ջրվեժի միջնակարգ դպրոցում:
Այցի օրակարգում դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունն էր և ծրագրի իրականացման հնարավորությունների քննարկումը:
Դպրոցի տարածքում է տեղակայված համայնքային մարզադպրոցը, երաժշտական դպրոցը, իսկ դպրոցը չունի առանձին մարզադահլիճ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում՝ «Տաք սնունդ» ծրագրի իրականացման համար առավել բարվոք պայմաններ:
Ըստ առաջարկվող նախագծի, երաժշտական դպրոցն ու մարզադպրոցն իրենց գործունեությունը կշարունակեն նոր մասնաշենքում, իսկ դպրոցը կունենա իր առանձին մարզադահլիճն ու տաք սննդի համար նախատեսված սենյակ:
Մարզպետն առաջարկով կդիմի համապատասխան գերատեսչություններին՝ դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցումը այս տարվա սուբվենցիոն ծրագրերում ընդգրկելու և իրականացնելու համար: