2021-ի ամռանը ներդրված ոստիկանության պարեկային ծառայության շուրջ, վարչապետի գնահատմամբ, ստեղծվել է դրական մթնոլորտ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրավախախտումների արձանագրման վերաբերյալ թվային տվյալներ: Մեքենան ոչ սթափ վարելու համար նախկինում 565, պարեկային ոստիկանության կողմից՝ կազմվել է՝ 1917 արձանագրություն: Համարանիշի հետ կապված արձանագրությունները ևս ավելացել են:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Պարեկային ոստիկանությունը, տվյալ դեպքում՝ ճանապարհային ոստիկանությունն էլ, ի դեպ, ոչ միայն զուտ երթևեկության կանոններին հետևելու գործառույթ ունի, նաև ընդհանուր իրավակարգի պահպանման հետ կապված: Օրինակ՝ հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում նման ծառայությունների կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ:
Երթևեկության կանոնների հետ կապ չունեցող վարչական իրավախախտումների համար արձանագրությունները ևս ավելացել են. պարեկային ոստիկանությունն արձանագրել է 189 իրավախախտում: Պարեկները հայտնաբերել են հետախուզվող 51 անձի, նախկին ցուցանիշը զրո է: Հետիոտնի համար չսահմանված վայրով անցնելու համար արձանգրություն նախկինում չի կազմվել, վեց ամսվա տվյալով այն ավելի քան 3000 է:
Նիկոլ Փաշինյան - Մեր, այսպես ասած, դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվում, մեր դրական արձագանքը նրա մասին է, որ մեր համոզմամբ՝ ձևավորվել է իրավակարգ, կարգ ու կանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ:
Պարեկային ծառայության 7 ամիսներին վարչական պատասխանատվության են ենթարկվել նաև պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյան - Մի անձնական մանրամասն, ներողություն խնդրելով ոստիկանության պետից՝ պետք է ներկայացնեմ. ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. սա, կարծում եմ, հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է:
Կան դեպքեր, երբ պարեկներն իրենց կաշառք առաջարկելու համար բերման են ենթարկել մարդկանց, արձանագրվել է նման 4 դեպք, հարուցվել են քրեական գործեր:
Վահե Ղազարյան, ՀՀ ոստիկանության պետ - Երեկ մենք ունեցանք նոր թարմ դեպք, Երևանի Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում քաղաքացին խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նիկոլ Փաշինյան - Չունենք դեպք, երբ պարեկը ստանդարտից դուրս գործողություն ծավալած լինի և խրախուսանքի չարժանանա:
Պարեկային ոստիկանության բարեփոխումների աշխատանքը համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ - Կա նաև ծառայության կազմակերպման որակ, որը ռեալ զսպում է հանրային տիրույթում գոյություն ունեցող ռիսկերը: Մարդիկ գիտեն, որ րոպեների ընթացքում հայտնվելու են իրավապահներ:
Առաջիկայում ծառայությունը կներդրվի նաև Շիրակի, Լոռու մարզերում: Քննարկվում է նաև, որ պարեկները որոշակի ժամերի բակեր կմտնեն: Վարչապետը նկատեց, որ Երևանում բնակարանային գողության բացահայտման ցուցանիշները ցածր են, պարեկային ծառայության որոշակի վերաձևակերպմամբ հնարավոր է կանխման մեխանիզմ գործարկել:
Նախարար Վահրամ Դումանյանը ևս նկատել է՝ պարեկային ծառայութան գործարկմամբ՝ փոխվել է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ:
Վահրամ Դումանյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար - Ոստիկանություն-հասարակություն ամբողջականությունը շատ ներդաշնակ է, չկա ջրբաժան:
Նիկոլ Փաշինյան - Այսօր պարեկային ոստիկանության աշխատողների շուրջ 60 տոկոսը նախկիում ոստիկանության հետ կապ չի ուենցել: Ոչ պակաս, քան կեսը, պետք է լինեն քաղաքացիական անձինք:
1 տեղի համար 10 հայտ է ստացվել: 2023-ին ամբողջ հանրապետությունը կունենա նոր պարեկային ծառայություն, որը կիրականացվի նաև մայրուղիներին:
Արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման չափը կհապատասխանեցվի տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին:
Արարատ Միրզոյան, ՀՀ արտաքին գործերի նախարար - Բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին ու կենսամակարդակին: Փոփոխության հիմքում ընկած է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը:
Վարչապետի դիտարկմամբ՝ նախագծի ընդունումն առաջին հայացքից կարող է թվալ անպատեհ, և ըստ նրա՝ բնական ռեակցիա կարելի է համարել, որ ունենալով շատ խնդիրներ՝ այս ընթացքում զբաղված են դիվանագետների նյութական խնդիրների լուծմամբ: Վարչապետը պարզաբանեց Կառավարության դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյան - ՀՀ-ն 2020-ին, 2021-ին, այսօր էլ կանգնած է բավական լուրջ մարտահրավերների առաջ, առերեսվել ենք աղետալի իրադարձությունների, բայց պետք է հասկանանք տեղի ունեցածի խորքային պատճառները: Դրա առանցքային և սկզբունքային պատճառը ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, որն ունեցել ենք, ունենք: Անկախության 30-ամյակն ենք նշել նախորդ տարի: Որոշ շրջանակների կողմից փորձ էր արվում ամեն ինչ անել տորպեդահարելու պրոցեսը: Մենք 30 տարվա անկախությունից ի վեր արձանագրում ենք, որ դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում ունենք խորշեր:
2018-2019-ի դրությամբ՝ դիվանագիտական ծառայության որոշ օղակներ ֆինանսավորվել են անհատների գրպանից: Խնդիրները վերհանելով՝ որոշվել է առաջնահերթ կարգավորել ինստիտուցիոնալ բացերը:
Նիկոլ Փաշինյան - Նույնն է, որ Օլիմպիական խաղերի ուղարկենք վազորդի մի մարզակոշիկով, ասենք՝ պետք է մրցակցես: Քաղաքական կամքն արդյունք տվել է, հակառակ դեպքում այս աղետներից հետո քաղաքացին չէր գնա, մեր օգտին չէր քվեարկի: Թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին, պետք է պետական ինստիտուտների կայացման ճանապարհով գնանք:
Զինված ուժերում արձակուրդները, քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները համավարակի սրացման պատճառով արգելվել էին: Դրանք կթույլատրվեն հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Քովիդի դեպքերի թիվն ավելանում է: Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները տնտեսվարողի շահերից են բխում:
Նիկոլ Փաշինյան - Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք, երբ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ, և մենք հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցույց տալ, ստիպված կլինենք գնալ լոքդանունի՝ ռեստորանները, խանութները և այլն, ստիպված կլինեն մեկ ամսով փակվել:
Վարչապետը հանձնարարեց տեսչական մարմիններին՝ խստությամբ հետևել, որ պահպանվեն սահմանափակումները: