Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պաշտպանական մեխանիզմները կան, և ավելի շատ պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե մենք որ ուղղություններով կարող ենք մրցունակ լինել, որ, անկախ երկրի չափերից, կարողանանք անարգել մեր գործունեությունն իրականացնել:
«Չեմ կարծում, որ մեզ թուրքական էքսպանսիա է սպասում, իսկ նման վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ պետք է անցկացվեն»,- ասաց Թունյանը:
Որպեսզի սահմանների բացումը ի շահ ՀՀ-ի լինի, պատգամավորի խոսքով, իրականացվել են ուսումնասիրություններ: Վերջերս հրապարակվել է Կառավարության ծրագրով նախատեսված «Արդյունաբերական գերակա ուղղությունների հայեցակարգը» միջոցառումների ծրագիրը:
«Դրանք հիմնականում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտներն են, մեր ավանդական ճյուղերն են, այդ թվում՝ IT-ն: Հայաստանը, որտեղ ունի հարաբերական առավելություն, փորձելու է առաջ գնալ, սակայն հնարավոր է՝ լինեն լայն սպառման մասշտաբային ապրանքներ, որտեղ մենք պարզապես չենք կարող որոշակի գնային սեգմենտում մրցունակ լինել: Այսօր եթե մենք խոսում ենք, օրինակ՝ միայն սպառողի տեսանկյունից, արտադրողի տեսանկյունից էլ է պետք է խոսենք. հումքի մեծ մասը, սարքավորումների մի ահագին մաս գալիս է Թուրքիայից: Ցավոք սրտի, այլ ճանապարհներն ավելի թանկ և ժամանակատար են, և եթե մեր տեղական արտադրողները փորձեն թուրքականին այլընտրանք գտնել, իրենց մրցունակությունը կկորցնեն»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր կիրառելով հայ արտադրողին օժանդակելուն, ապա Թունյանը հիշեցրեց, որ մաքսային քաղաքականության հարցում մենք անկախ չենք:
«Եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, մենք չենք կարող ինքնուրույն մաքսատուրքեր կիրառել կամ քվոտաներ որոշել ու պաշտպանել մեր ներքին շուկան, իսկ ներքին քաղաքականության մեջ դա պետք է արվի ոչ թե դրսից եկող տնտեսվարողների մուտքը փակելու համար, այլ տեղական արտադրողների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելով»,- նշեց նա: