ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ պարեկային ծառայության ստեղծմանը և աշխատանքի արդյունավետությանը:
«2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային ու կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ պլանավորել ենք 2018 թվականին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ:
2019 թվականին այն ամբողջությամբ պլանավորված էր, հետո վրա հասավ համավարակը, հետո՝ պատերազմը, ներքաղաքական ճգնաժամ: 2021 թվականի հուլիսին որոշում կայացրեցինք մեկնարկել գործընթացը, չնայած այդ պահին գործընթացը լիարժեք մեկնարկային վիճակում չէր: Բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավականին դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ոստիկանության պետի հետ ամփոփել ենք աշխատանքի միջանկյալ արդյունքները»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև վիճակագրական որոշ թվեր ներկայացրեց, որոնք վկայում են պարեկային ոստիկանության աշխատանքի արդյունավետության մասին:
«Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում նման ծառայությունների կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել: Պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ հանցագործություն կատարելու կասկածանքով: Վարչական իրավախախտում կատարելու համար նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել: Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 189 արձանագրություն: Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ»,-ասաց Փաշինյանը: