Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը բեկանելու գործընթաց կսկսվի դատախազությունում: Հիմքը՝ Եվրոպական դատարանի որոշումն է:
Օրեր առաջ կայացրած վճռով Եվրադատարանը գտել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները՝ 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում:
«Առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում դիմումատուն բռնություն գործադրելու մտադրություններ է ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել»։
Հիշեցնենք 2008-ի արյունալի իրադարձություններից հետո ընդդիմադիր գործիչ Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Բանտում ավելի քան մեկ տարի անցկացնելուց հետո նա համաներմամբ ազատ էր արձակվել։ Դիմումատուն՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը և պետությանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։
Եղիշե Կիրակոսյան, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ - Դիմումատուի կողմից ներկայացվել է 2 գանգատ, որոնք միացվել են մեկ գործի մեջ, նույնատիպ պահանջներ են ներկայացված եղել ինչպես և Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող այլ գործերով: Դատարանն ընդգծում է կատարում, որ դիմումատուն՝ այսինքն պարոն Փաշինյանը, ենթարկվել է հետապնդման նաև նրա համար, որ ակտիվորեն ներկայացրել է իր քաղաքական դիրքորոշումները հարցերի հետ կապված:
«Եվրոպական դատարանը եզրակացրել է՝ դիմումատուն արգելանքի է վերցվել Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի «ակտիվիստ» լինելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե կոնկրետ ապօրինի արարքներ կատարելու: Ներպետական դատարանները չեն ներկայացրել որևէ պատճառաբանություն՝ իրենց որոշումները հիմնավորելու համար»։
Փաշինյանի դիմումն ընդդեմ Հայաստանի՝ ՄԻԵԴ-ը քննել է ավելի քան 11 տարի, գործը, սակայն, կոմունիկացրել 2019-ի սկզբին՝ հարցեր ուղղել գործող կառավարությանը, որոնց շահերի բախման պատճառով գործադիրը չի պատասխանել: Իրավիճակն աննախադեպ էր՝ դիմումատուն հանդիսանում էր երկրի ղեկավարը:
Եղիշե Կիրակոսյան - Միակ բանը, որ մնում էր կառավարությանը, տրամադրել Եվրոպական դատարանին բոլոր իրավական փաստական նյութերը և որևէ մեկնաբանություն չանել, ինչը կառավարությունն արդեն արել է: Մի կարևոր հանգամանք էլ կա, որ պետք է հաշվի առնենք նմանատիպ գանգատների, նմանատիպ գործերի մասին խոսելիս: Կառավարության դիրքորոշումը 2018 թվականի հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործերի նկատմամբ էական, տրամագծորեն փոխվել է: Դրա մասին վկայում են զուգահեռ ընթացող ներքին իրավական պրոցեսները, դրա մասին վկայում էր շատ այլ իրավապահների կողմից իրականացվող պրոցեսները և նաև դատական գործընթացները:
Եվրոպական դատարանի կայացրած վճռից հետո հնչեցին քննադատություններ՝ կառավարության կողմից ՄԻԵԴ առարակություններ չներկայացնելու համար: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն արձագանքում է՝ որևէ խաթարում տեղի չի ունեցել: Իրականցվել է արդարադատություն:
Եղիշե Կիրակոսյան - Պարզից էլ պարզ է, որ կառավարությունը 2018 թվականից հետո՝ Մարտի 1-ի վերաբերյալ կայացված կոմունիկացված գործերով չէր կարող ուղղակի նույն տրամաբանությամբ առարկել այդ դրվագներին, փաստերին, ինչ որ առարկել էր նախորդ կառավարության ներկայացուցիչը:
Մարտյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ում մոտ 18 դիմում է քննվում, դրանց զգալի մասն արդեն բավարարվել է և անցած 3 տարիներին հիմք հանդիսացել, որպեսզի դիմումատուներն արդարացվեն հայաստանյան դատարաններում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան