Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 20-ին սկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերվանից մեկնարկել և ընթանում են ձնամաքրման աշխատանքներ: Ավելի բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ ձյան տեղումները ավելի վաղ էին սկսվել, գործընթացը սկսվել էր նախորդ օրվանից:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը աշխատանքներում ներգրավել է 58 միավոր տեխնիկա զուգահեռ:
Ձնամաքրմանը հետ մեկտեղ քաղաքի փողոցները մշակվում են աղ ու ավազի խառնուրդով: Անանցանելի փողոցներ մայրաքաղաքում չկան:
Զուգահեռաբար ընթանում են մայթերի, բակային տարածքների, անցումների մաքրման աշխատանքները:
Գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրումից հետո աշխատանքները կշարունակվեն վարչական շրջանների ներքին փողոցներում:
Երևանի ավագանու համապատասխան որոշման համաձայն՝ մայրաքաղաքում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգումը, իսկ ձմռան ամիսներին՝ ձնամաքրումը, պարտավոր են ապահովել տնտեսվարող սուբյեկտները:
Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են նաև, որ վթարներից խուսափելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով պարտադիր պայման է ձմեռային անվադողերով երթևեկելը: