Մահացել է երաժշտագետ, Հայաստանի ամենատարեց ուսուցչուհի Մարիամ Տոնյանը:
Նա ծնվել է 1919 թվականին Թիֆլիսում: Երկու տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Մարիամի հայրը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանն էր, որը ստալինյան բռնաճնշումների ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել։
Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը։
Տոնյանն ավարտել է Երևանի կենտրոնական ցուցադրական դպրոցը, զուգահեռաբար երաժշտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Ուսման ընթացքում աշխատել է ուսումնարանում։
84 տարի հարմոնիա է դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից:
2019 թվականին արժանացել է Երախտագիտության մեդալի: