ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատման գործընթացն սկսելու հարցում:
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է՝ հայկական կողմը սահմանազատման հարցում նախապայմաններ չունի. հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են:
«Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:
Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:
Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել էր՝ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ, ռուսական կողմի միջնորդավորված կերպով, Ադրբեջանին: