Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ մարտին կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու են նաև Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչներ, հրավերներ են ուղարկվել Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին: Չավուշօղլուն նշել է, որ առայժմ իրենց մասնակցությունը հաստատել են 39 երկրների արտգործնախարարներ: «Լուրերի» հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատեց, որ հայկական կողմը ստացել է ֆորումի մասնակցության հրավերը:
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։
ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- ասված է հայտարարությունում։
*****
Եվրամիության պատվիրակությունը մոտ ապագայում կայցելի Ադրբեջան և Հայաստան, թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Պատվիրակության կազմում է նաև Ֆրանսիայի ներկայացուցիչ Իզաբել Դյումոնը։ «Ակնկալում ենք բովանդակալից բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ՝ Բրյուսելում հանդիպումների շարունակականության համար», - նշել է Կլաարը:
*****
«Ռոսատոմն» ու «Հայկական ատոմային էլեկտրակայանը» համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցում գործակցության մասին: Համաձայնագիրը ստորագրվել է Դուբայում՝ «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում:
Կողմերը գործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ուսումնասիրելու Հայաստանում հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը։
*****
Հայաստանն ու Իրանը «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիներում գործակցության խորացման համար բացառիկ հնարավորություններ ունեն՝ հայտարարել է Իրանի «Արաս» ԱՏԳ տնօրենների խորհրդի անդամ Ղոլամհոսեյն Քյարիմին: Նա նշել է, որ ըստ նախկին պայմանավորվածությունների՝ Հայաստանի ու Իրանի սահմանին կստեղծվի շուկա: Քյարիմին նաև ընդգծել է, որ համատեղ գոտի ստեղծելու փոխըմբռնման հուշագրի նախագիծը ուղարկվել է «Մեղրի» ԱՏԳ՝ առաջարկներ ներկայացնելու համար: Քյարիմիի խոսքով՝ Հայաստանն Իրանի դարպասն է դեպի Եվրասիական տնտեսական միություն, և հասանելիությունը ԵԱՏՄ անդամ երկրներին հիանալի հնարավորություն է միջազգային շուկաներում Իրանի դերի ամրապնդման համար:
*****
Իրանը տեխնիկական պատճառներով մինչև հունվարի վերջ դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա, ինչի հետևանքով գազով աշխատող թուրքական էլեկտրակայանները 40 տոկոսով կրճատել են գազի սպառումը։
Մատակարարումները հնարավորինս շուտ վերսկսելու շուրջ ընթանում են բանակցություններ: 2021 թվականի առաջին տասը ամսվա ընթացքում միայն Իրանն ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը։ Վերջին ամիսներին Թուրքիայում արձանագրվել է էներգակիրների գների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է թուրքական լիրայի արժեզրկմամբ:
*****
Մոլդովայի խորհրդարանը երկրում 60 օրով արտակարգ դրություն է սահմանել: Պատճառը «Գազպրոմի» Մոլդովայի իշխանությունները խնդրել են հետաձգել պարտքի մարումը, սակայն ռուսական ընկերությունը մերժել է: «Ստեղծված պայմաններում Մոլդովայի կառավարությունը կարծում է, որ առկա է երկրի էներգետիկ անվտանգության իրական սպառնալիք, ուստի անհրաժեշտ է միջամտել»,- հայտարարել է երկրի վարչապետ Նատալիա Գավրիլիցան: Ռուսական ընկերությանը մոլդովական կողմի պարտքը կազմում է մոտ 25 միլիոն դոլար: