Համեստ Սարգսյանն է՝ 64 տարեկան: 8 ամիս առաջ թոռնիկին գրկելիս առաջին անգամ կրծքավանդակում ցավ զգաց, պարզվեց՝ կրծքագեղձում գոյացություն կա: 8 ամիս է՝ բուժման փուլում է, հետո պիտի վիրահատվի:
Համեստ Սարգսյան - Խորհուրդ եմ տալիս հատկապես ջահելներին, որ գոնե տարին մի անգամ ստուգվեն, որ չհասնեն այդ բարդությանը: Ես էլ որ գնայի, ասենք, իմ մոտ էդքան բարդ պրոցես չէր լինի:
Վիճակագրությունը ցույց է տալիս՝ վերջին 2 տարիներին չարորակ նորագոյացությունները սկսել են ավելի ուշ փուլերում հայտնաբերվել: Կորոնավիրուսի թողած անուղղակի ազդեցությունն է առողջապահական համակարգի վրա՝ ընդգծում է Արմեն Մուրադյանը:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Մենք իրականում ունեինք հաջողություն, 50 տոկոս՝ 1-2-րդ փուլերում, դա լրջագույն ցուցանիշ է, հիվանդությունները չեն սպառվելու, ինքնուրույն չեն բուժվելու, մենք նրանց հանդիպելու ենք արդեն 4-րդ փուլում:
Համալսարանականները հետազոտել և պարզել են, եթե 2019 թ. 1-2-րդ փուլերում հայտնաբերվում էր չարորակ նորագոյացությունների 50.4%-ը, ապա 2020 թվականին՝ 8.4%-ով ցածր՝ 42%-ը: Այդ ցուցանիշը ցածր է նույնիսկ 2016 թ. տվյալներից 3%-ով: Փոխարենն աճել են 3-րդ և 4-րդ փուլերում հայտնաբերելու դեպքերը՝ 3-րդ փուլում է հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ 4-րդ փուլում՝ 32.6%-ը, որը կրկին բարձր է 2019 թ. ցուցանիշից:
Պատճառը սկրինինգային հետազոտությունների նվազումն է՝ ասում է «Միքայելյան» հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավարը:
Լիլիթ Հարությունյան («Միքայելյան» հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար) - Որոշ դեպքերում նույնիսկ չեղարկվել են կամ հետաձգվել տարբեր պատճառներվ, և՛ մարդիկ են խուսափել, և՛ հաստատություններն են ծանրաբեռնված եղել:
Մինչդեռ նորագոյացությունների դեպքում ամեն անցնող օր իր ազդեցությունը կարող է ունենալ բուժման ընթացքի ու ելքի վրա:
Արմեն Մուրադյան - Այն ուռուցքները, որոնք հեշտ էին բուժվում՝ կրծքագեղձի, հաստ աղու և այլն, հայտնվելով 3-4-րդ փուլում, ավելի բարդ են լինելու: Ավելի երկար է տևում, ավելի ծախսատար է, հոգեբանական ավելի բարդ է:
Պատկերն այլ կլիներ, եթե կորոնավիրուսը լիներ կառավարելի, բժիշկների ձեռքերը՝ ազատ՝ շեշտում է Մուրադյանը: Սպիտակ բանակի զինվորների ռեսուրսներն անսպառ չեն՝ կորոնավիրուսի ծանր վիճակագրությունը պատճառ է դառնում, որ ծանր լինի նաև ոչ վարակիչ հիվանդությունների վիճակագրությունը՝ քաղցկեղ, շաքարային դիաբեդ, սիրտ-անոթային:
Արմեն Մուրադյան - Ես ցավ եմ ապրում, երբ սպառնալիքներով փորձում են ժողովրդին բացատրել՝ ինչու պետք չէ պատվաստվել, մենք չենք կարող անվերջ զբաղվել մի հիվանդությամբ, հիմա թվերն էլի աճում են, օրերի դինամիկան նայեք, կտրուկ աճ է դիտվելու, էլի ռեանիմացիաները լցվելու են հիվանդներով, էլի չենք զբաղվելու ուռուցքներով:
Պահպանել հակահամաճարակային կանոններն ու պատվաստվել՝ միակ արդյունավետ միջոցն է ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարելու, այլև մյուս հիվանդությունների դեպքում վատ ցուցանիշներ չունենալու համար: Թվերն այս դեպքում ավելի խոսուն են:
2020 թ. 2019-ի համեմատ հիվանդության 1-2-րդ փուլերում հայտնաբերման առավել մեծ անկում է արձանագրվել՝ վահանագեղձի՝ 16.2%-ով, հաստ աղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղի մասով: Բացառություն է կազմում թոքի քաղցկեղը:
Լիլիթ Հարությունյան - Քանի որ բազմաթիվ մարդիկ քովիդով պայմանավորված դիմել են կրծքավանդակի KT-ի, դրական ցուցիչ կա, որ շուտ են ախտորոշել:
Հիվանդանոցում բուժվող ամենատարեցը 87 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 20: Կրծքագեղձում գոյացությունը հայտնաբերել են 3-րդ փուլում մեկ այլ՝ 40 տարեկան կնոջ մոտ:
Տիկին Համեստը բուժման ընթացքից ու հոգատարությունից գոհ է, բայց ժամերն է հաշվում՝ վերջին քիմիան ստանա ու գնա տուն՝ Արտաշատ:
Ամուսինը 2020-ին է մահացել կորոնավիրուսից, բայց տանը սպասում են որդիները, դուստրը, 8 թոռը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան