Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանն աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ իր մանդատին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թ. հետո ստեղծված տարածաշրջանային իրողությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ այդ դիրքորոշմանը լիովին աջակցում են ԱՄՆ-ը և Ֆրանսիան։
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում կոչ է արվել Բաքվին և Երևանին մոտ ժամանակներս ընդունել համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրավիճակը, տեղում շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են եռյակի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումների ժամանակ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ 2021 թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած շփումների արդյունքում համանախագահները 2021 թ. դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին են փոխանցել հետագա գործակցության օրակարգի վերաբերյալ «հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ»: Զախարովայի խոսքով՝ դրանք ուղղված են հրատապ խնդիրների, հումանիտար և այլ հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։
Մարիա Զախարովա - Մենք ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցի հետ կապված:
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Է
Զախարովան անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրեր առաջ արված այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և ադրբեջանական կողմը «կարող է այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ ոք ոչինչ չի կարող ասել»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրեց՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և Ադրբեջանում դա գիտեն:
Մարիա Զախարովա - Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայված է շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա: Տվյալ փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո:
Զախարովայի խոսքով՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սահմանել է օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների ներկայացուցիչների այցելությունների կարգ, որի համաձայն անհրաժեշտ է ռուս խաղաղապահներին նախօրոք և պատշաճ ծանուցել նման այցելությունների մասին, և կողմերը տեղյակ են այդ մասին։
Ռուսական կողմի ուշադրությունից չեն վրիպել նաև Իլհամ Ալիևի Կիև կատարած վերջին այցը և դրա շրջանակում Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցության վերաբերյալ հայտարարությունները:
«Ադրբեջանի նախագահի Կիև կատարած այցի թեման մանրամասն քննարկվել է հունվարի 18-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում»,- շեշտել է Զախարովան՝ հավելելով, որ այլ երկրների հետ հարաբերությունների կառուցումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, բայց կարևոր է, որ այդ կապերն ու շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։