ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Օրակարգում հայ-ամերիկյան հարաբերություններից բացի եղել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Սիմոնյանը ներկայացրել է հակամարտության ներկա փուլն ու պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակ: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ: Կողմերը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Քննարկվել են նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացման հարցերը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին և նրա գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման գործում արժեքավոր ներդրման համար:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի և հանրապետական Քրիս Սմիթի հետ: Գործընկերների խնդրանքով Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման և Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ Ներկայացուցիչների պալատը, մասնավորապես, իրենց հանձնաժողովը, խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով և կարծում է, որ նրանք պետք է անհապաղ վերադարձվեն: Հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ չափազանց կարևոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը, և անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տևական կարգավորմանը:
ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայաստանյան ժողովրդավարության առանձնահատկություններին, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր: 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները և առաջնահերթ օրենսդրական բարեփոխումները Սիմոնյանը քննարկել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմըն Ուիլսընի հետ:
Միջազգային հեղինակավոր մեկ այլ կառույցի՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Դերեկ Միթչելի հետ հանդիպման հիմնական թեման խորհրդարանում կանանց և երիտասարդ քաղաքական գործիչների ընդգրկվածությունն է եղել: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող հայկական պատվիրակությունը նաև «Հյումն Րայթս Ուոչ» (Human Rights Watch) կազմակերպության Վաշինգտոնի տնօրեն Սարահ Հոլևինսկիի հետ է հանդիպել, օրակարգում եղել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը: