ՌԴ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԶԱՐԳԱՆԱԼ
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հաջողված փորձը կարող է կիրառվել Կովկասում և Աֆղանստանում՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ընդգծելով Կովկասում սահմանների անփոփոխելիության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ազգային ինքնիշխանության կարևորությունը: Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Իրանը սահմանափակումներ չունի, և երկու երկրների ռազմավարական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով Ռայիսիի և Պուտինի հանդիպմանը, հայտարարել է, որ երկկողմ հարաբերություններում նոր փուլ է բացվում, որը հիանալի գործակցության հող կդառնա։ «Կրեմլում Ռայիսիի և Պուտինի միջև կարևոր, ջերմ և մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններին նոր զարկ տրվեց»,- Թվիթերում գրել է Աբդոլլահիանը: Նա հավելել է, որ նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել երկարաժամկետ ճանապարհային քարտեզ կազմելու շուրջ։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուշադիր հետևում են ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ «Ես տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահին անցյալ շաբաթ Ռուսաստանի հետ մեր շփումների մասին և ընդգծել, որ ուկրաինական հարցով ոչ մի որոշում չի կայացվի առանց Ուկրաինայի»,- ընդգծել է Բլինքենը։
Ուկրաինայի ղեկավարի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով առկա խնդիրները կարգավորելու հնարավոր եղանակները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցությունը։ «Մենք ցանկանում ենք ակտիվացնել բանակցային բոլոր, այդ թվում՝ նորմանդական ձևաչափերը»,- ընդգծել է Զելենսկին։ Նա անդրադարձել է նաև Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Ուկրաինայի ակնկալիքներին։
Բլինքենը հանդիպել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դիմիտրո Կուլեբայի հետ․ պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ը շուտով կնշանակի Ուկրաինայում երկրի նոր դեսպանին։ Հունվարի 21-ին Ժնևում նախատեսված է Էնթոնի Բլինքենի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՆԱՏՕ-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՉԷ
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հավանականությունը մոտ ապագայում այնքան էլ մեծ չէ, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ շատ աշխատանք ունի ժողովրդավարության ոլորտում։ «Դաշինքի անդամ երկրների շրջանում տարաձայնություններ կան՝ ինչ անել, եթե իրավիճակը սրվի»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Շվեդիայի խորհրդարանը մինչև մայիսի 31-ը երկարաձգել է կորոնավիրուսի հետ կապված ժամանակավոր օրենքը, որը թույլ է տալիս կառավարությանը համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկել։ Երկրում կարող են արգելվել մարդաշատ հավաքներն ու միջոցառումները, փակվել առևտրի կենտրոնները, դադարեցվել ներքին ավիափոխադրումները:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԵԼ
Ֆրանսիայում էլ նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մոտ կես միլիոն նոր դեպք․ սա երկրում համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Գերմանիայում նույնպես գրանցվել է հերթական հակառեկորդը՝ վերջին 24 ժամում հաստատվել է վարակման ավելի քան 118000 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը չի բացառել, որ մոտ ապագայում կորոնավիրուսի նոր շտամներ կարող են հայտնվել։ Նա ընդգծել է, որ «Օմիկրոնի» տարածումը մեծացնում է այդ հավանականությունը։ «Համավարակի ավարտը մոտ չէ»,- հավելել է նա։