Ընդդիմության և իշխանության միաձայն քվեարկությամբ՝ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Օրենքի վերջնական ընդունումից հետո հատուցում ստացող շահառուների կազմում կներառվի նաև ռազմական գործողությունների արդյունքում զոհվածի քույրը, եղբայրը, տատն ու պապը, ինչպես նաև փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կինը, եթե ունեն համատեղ երեխա:
Ֆինանսների նախարարությունն էլ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ է առաջարկում՝ երկրում խաղամոլությունը կանխելու համար: Նախագծով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղատան ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով:
Արմեն Հայրապետյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - 2018 թվականի համեմատ՝ 2020 թվականի վերջին ունեցել ենք խաղադրույքների մոտ 6 անգամ աճ, իսկ միջին խաղադրույք կատարողներն ավելացել են մոտ 3 անգամ: Համադրելով ոլորտի միջազգային միտումներին՝ հասկացել ենք, որ մեզ մոտ անգամներով է զարգանում, ռիսկեր կան, որ խաղամոլության ռիսկը մեզ մոտ մեծանում է:
Գովազդը կարգելվի նաև հանրային տրանսպորտում: Խնդիրն օրենքով ամբողջությամբ չի կարգավորվում, սակայն սա լրացուցիչ մեխանիզմներից մեկն է, որին զուգահեռ նոր գործիքներ կմշակվեն. Բաբկեն Թունյանի կարծիքն է:
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Հայաստանում 2021 թվականին հունվար-նոյեմբեր ամիսներին, դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ չկան, կատարվել է 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք: Որպեսզի հասկանաք, թե ինչ թիվ է, ասեմ, որ ՀՀ-ի բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է 1.6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին երկու անգամ գերազանցող թիվ է:
«Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտության» հարցը նույնպես խորհրդարանի օրակարգում էր: Թեկնածուն Մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հակոբ Հակոբյանն է՝ Հակոբ Մովսեսը: Նա մեդիա դաշտը պետության և հասարակության բերանն ու ականջն է համարում:
Հակոբ Հակոբյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու - Հեռուստատեսության մեջ մի շարք ալիքներ, չնայած կոռեկտությանը, չնայած նրան, որ տեղեկատվական դաշտի իրենց խնդիրները կատարում են, սակայն ստեղծվել են կա՛մ կուսակցությունների, կա՛մ կուսակցական լիդերների, կա՛մ կուսակցական հնարավորությունների սահմաններում:
Թեկնածուի հետ պատգամավորների հարցուպատասխանից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Ելույթը քննարկվող թեմայից դուրս էր, պատգամավորը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր քաղաքական ուժի տեսակետը:
Անդրանիկ Թևանյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների, բայց դեմ ենք, երբ Թուրքիան իր նախապայմաններն է առաջ քաշում և ստանում, դեմ ենք, որ հայ-թուրքական պրոցեսը շաղկապվի Արցախի հարցի հետ:
Պատգամավորի ելույթին արձագանքեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյան, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ - Արձանագրեցինք, որ «Հայաստան» խմբակցությունը նույնպես կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:
Քննարկումից հետո Քաղպայմանագիրը ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածուին: Պաշտոնին հավակնում է նախորդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, դերասան և երգիչ Արթուր Մանուկյանը: Ազգային ժողովը թեկնածուների ընտրության հարցի քննարկումը կշարունակի վաղը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան