Երկու երկրների երկկողմ հարաբերությունների կառուցումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, բայց կարևոր է, որ այդ կապերն ու շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կիև կատարած այցին, որի ժամանակ նա վերահաստատել է Բաքվի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Նրա խոսքով՝ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Ռուսաստանն առաջնորդվում է այդ սկզբունքային դիրքորոշմամբ և իր գործընկերներից ևս ակնկալում է նման մոտեցում:
«Ադրբեջանի նախագահի՝ Կիև կատարած այցի թեման մանրամասն քննարկվել է հունվարի 18-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում»,- հավելել է Զախարովան: