ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա են եղել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:
Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի տարբեր բուհերի, ինստիտուտների և հետազոտական կենտրոնների հետ: Նա ասել է, որ ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ-ում, ինչի վկայությունն են համալսարանում գործող ռուս բանասիրության ֆակուլտետը, ռուսական կենտրոնը, ռուսական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնը, ինչպես նաև դրան ուղղված տարբեր միջոցառումները:
ԵՊՀ ռեկտորը հույս է հայտնել, որ դեսպանության աջակցությամբ համագործակցության նոր հաջողություններ են գրանցվելու տարբեր ուղղություններով, հաստատվեն նոր կապեր, ինչպես նաև կյանքի կոչվեն տարբեր ծրագրեր:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Հովհաննես Հովհաննիսյանին համալսարանի կառավարումը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ իրենց համար ևս ԵՊՀ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է, քանի որ այն Հայաստանի առաջատար բուհն է և հետազոտական գլխավոր կենտրոններից մեկը:
Դեսպանը կարևորել է համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում Ա. Մարգարովը մանրամասն ներկայացրել է ԵՊՀ-ի և Ռուսաստանի տարբեր համալսարանների ու կենտրոնների միջև առկա համագործակցությունը, դրա շրջանակում իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:
Պ. Բալայանն էլ անդրադարձել է ֆակուլտետի գործունեությանը, իրականացրած գիտական ու կրթական միջոցառումներին, առկա խնդիրներին ու նոր գաղափարներին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կոնկրետ ծրագրեր և միջոցառումներ, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների հետ համագործակցությանը՝ նպաստելով վերջինիս ամրապնդմանը: