Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայկական կողմը անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական կողմին ու վերջինի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:
«Մենք այդ առաջարկությունները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք նաև գրավոր արձագանք»,- ասաց Գրիգորյանը:
Արարատ Միրզոյանը նշել էր նաև, որ ներկայացված առաջարկները բխում են վարչապետի, Կառավարության բարձրաձայնած՝ զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից:
Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին՝ Արմեն Գրիգորյանը մանրամասնեց, որ հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները:
«Այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում»,- ասաց ԱԽ քարտուղարը: