Արցախում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը՝ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նաև տեղեկացրել, թե ինչպես է տեղի ունենալու գործընթացը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Կձևավորվի նաև Սահմանադրության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որին կհետևի նաև մասնագիտական խմբի ձևավորում, իհարկե, իր բնական ընթացակարգով այն պետք է գնա:
Արցախում նաև կառուցվածքային և կադրային փոփոխություններ կլինեն, ավելի մանրամասն Հարությունյանը խոստացավ խոսել օրեր անց: Արցախի նախագահն անդրադարձավ նաև Կառավարություն-Ազգային ժողով համակարգված գործակցության անհրաժեշտությանը՝ շեշտելով՝ պետք է միասնական և համերաշխ աշխատել:
Արայիկ Հարությունյան - Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, ժողովուրդ, այդպես էլ պետք է լինի: Եթե չկա քննարկում, եթե չկա բանավեճ, չկա նաև ճիշտ որոշում, մյուս կողմից էլ՝ դա պետք է կրի բնական երևույթ, և այստեղ մենք պետք է միասին լինենք:
ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆ
Արցախում մեկնարկել է 2022-ի բյուջետային տարին: Հարությունյանը հրահանգել է ամենայն խստությամբ վերահսկել բյուջեի ֆինանսական ծախսերը: Արցախի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ աղբյուրից պետական գնումները կատարելու մեխանիզմը: Վերահսկողության խստացման նպատակով Արցախի ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության գործառույթները կընդլայնվեն:
Արայիկ Հարությունյան - Մեր 216 միլիարդանոց բյուջեն ունի վերահսկողության լուրջ անհրաժեշտություն, և այդ առումով մենք պետք է գիտակցենք, որ ամեն մի լումայի արդյունավետությունը պետք է ունենանք: Այսօր հասարակությունն ասում է՝ տանում են, սաղ թալանում են, գողանում են: Ես չեմ ասում, որ նման երևույթ կա, բայց համոզված եմ նաև, որ չարաշահումներ կան, դրա համար մենք պետք է հստակ վերահսկողություն ունենանք բոլոր ուղղություններով:
Իրականացվող ծրագրերի ու նախագծերի մասին Արցախի նախագահը հանձնարարել է պատշաճ տեղեկացնել հասարակությանը, աշխատանքային գրաֆիկում պարտադիր ներառել հանդիպումներ քաղաքացիների հետ: