Միջազգային հանրությունն արձանագրել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և հիմնախնդրի կարգավորման հարթակը այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Երևանն ակնկալում է, որ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ակնկալում ենք, որ տարածաշրջան այցը և հետագա քայլերը հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ և համապարփակ լուծմանը:
ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ են ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում:
Արմեն Գրիգորյան - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցություններով պետք ա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնել՝ կարգավիճակի առանց որևէ սահմանափակման: Կառավարության ծրագրում այս բոլոր կետերը նշված են:
ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆԸ
Սահմանազատման և սահմանագծման հարցով գրավոր արձագանք Երևանը Բաքվից դեռ չի ստացել: Հայաստանն այդ առաջարկությունները գրավոր է ներկայացրել, ակնկալում է նաև գրավոր արձագանք՝ ասում է Արմեն Գրիգորյանը, ընդգծում՝ Երևանի առաջարկության հիմքում Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզն է:
Արմեն Գրիգորյան - Այսինքն` քարտեզի ոչ թե այս պահին դե ֆակտո գոյություն ունեցող զորքերի տեղակայումով ենք հետքաշման գործընթաց սկսում, այլ հիմքում դրվում է ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզը, և այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև բացառեց, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի դեպքում Հայաստանի Հանրապետության որևէ տարածք կամ որևէ համայնք կարող է չեզոք գոտում հայտնվել: