Հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին նշել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ տեղեկացնում են Իրանի նախագահի մամուլի ժառայությունից:
«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հաջողված փորձը կարող է կիրառվել Կովկասում և Աֆղանստանում»,- նշել է Իրանի նախագահը: Ընդգծելով Կովկասում սահմանների անփոփոխելիության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ազգային ինքնիշխանության կարևորությունը՝ Ռայիսին հավելել է. «Կովկասում և Կենտրոնական Ասիայում ցանկացած քողի ներքո ՆԱՏՕ-ի ազդեցությունը հակասում է անկախ երկրների ընդհանուր շահերին»:
Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Իրանը սահմանափակումներ չունի, և երկու երկրների ռազմավարական հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Նրա խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան կարող են փոխշահավետ հարաբերություններ զարգացնել տնտեսության, առևտրի, քաղաքականության, մշակույթի և այլ ոլորտներում։
Ռայիսին նշել է, որ իրանական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել երկրների միջև ռազմավարական գործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը, ըստ Իրանի նախագահի, կարող է նախանշել երկու երկրների միջև առնվազն 20 տարվա գործակցության հեռանկարները։
Ռայիսին առաջարկել է համատեղել ջանքերն Արևմուտքին հակազդելու հարցում և հավելել, որ Իրանը, չնայած արևմտյան պատժամիջոցներին, երբեք չի դադարի զարգանալուց։
Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը խոշոր նախագծեր են իրականացնում բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ միջազգային ասպարեզում։
Իրանի ու ՌԴ նախագահները քննարկել են նաև Աֆղանստանին ու Սիրիային առնչվող հարցեր: