«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախում աջակցության նախագծերը, որոնք ուղղված են 2020 թ. պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը:
2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան ֆինանսական աջակցություն «Ավրորա» մրցանակի դրամական ֆոնդից, և որը կկրկնապատկվի «Ավրորայի» համահիմնադիրների կողմից՝ հոգալու տեղի բնակչության կարիքները:
«Ավրորան՝ Արցախին» ծրագիրն այս փուլում 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրի արցախցիներին ուղղված նախագծերին:
-
Օրթոպեդիկ վիրահատություններ Արցախում («Հայաստանի ճամփորդող բժիշկներ» ՀԿ)
-
Արցախում միակ օրթոպեդիկ կենտրոնի զարգացում («Օրթոլաբ» ՍՊԸ)
-
«Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական կենտրոն («Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական բարեգործական կազմակերպություն)
-
«Հանգանակ» տարեցների կլինիկա. Աջակցություն՝ Ստեփանակերտում ծրագրի ընդլայնմանը և շտապ բնակարանների տրամադրմանը (Հայ կանանց բարեկեցության ընկերակցություն (AWWA))
-
Նոր դպրոց տեղահանված երեխաների համար Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում («Ապրելու Արցախ» հիմնադրամ)
-
Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագիր («Վերածնված հայրենիք» ՀԿ)
-
«Թափոններից՝ ջերմություն». Հայաստանի սահմանամերձ համայնքներում էկոլոգիապես մաքուր այլընտրանքային վառելիքի արտադրության սոցիալական ձեռնարկություն (Մերձավոր Արևելքի հիմնադրամ)
-
Մաճկալաշենի դպրոցի վերանորոգում և ընդլայնում («Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ)
-
Աջակցություն՝ սահմանամերձ բնակչության շրջանում կրծքագեղձի, վահանաձև գեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով առողջապահական ծառայությունների մատուցմանը (Հայ-ամերիկյան առողջության կենտրոն)
-
«Քայլ տուր, հնարավորություն տուր». աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական աշխատանքների մոնիտորինգի համար ստենդային մահճակալի և 10 «Քայլաբեր» թվային սարքի ձեռքբերմանը («ՔայլԹեք» ՍՊԸ)
-
Թվային Արցախ. աջակցություն՝ Արցախի գյուղական համայնքների երիտասարդների զորացմանը («Ես» կրթական հիմնադրամ)
-
Գիտելիքահենք գյուղատնտեսությունն ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է. դասընթաց ջերմոցային մշակաբույսերի աճեցման վերաբերյալ («Կրթություն հանուն ապագայի» ՀԿ)
-
Բժիշկներ Արցախի համար. աջակցություն բժիշկների աշխատանքային գործուղումների կազմակերպմանը՝ Արցախում բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով («Հայ օգնության ֆոնդ»):
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ Երևանում կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի ողջ հասույթը՝ մոտ 25000 ԱՄՆ դոլար, նվիրաբերվում է Հայաստանում ապրող տեղահանված մարդկանց աջակցությանը։
«Ավրորան» այս միջոցները կուղղի նրանց սննդի ապահովմանը. ձմռանը սննդամթերք (կարտոֆիլ, կաղամբ, պանիր և այլն) կտրամադրվի սոցիալապես խոցելի ընտանիքներին: Բացի այդ, կարտոֆիլի մշակմամբ հետաքրքրված մարդկանց կտրամադրվի Գավառի բարձր որակի կարտոֆիլի սերմացու:
Ակնկալվում է, որ այս նախագծից կօգտվի ավելի քան 3200 մարդ: Այն կիրականացնի «Աժդահակ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: