Նաիրին Արագած լեռան վրայով օդապարիկով թռիչքն իրականացրել է երկու օր առաջ: Գյումրիից մեկնարկել ու հասել է Երևան:
Նաիրի Բարսեղյան (օդապարիկի օդաչու) - Շատ բարեհաջող անցավ թռիչքը: Ինչպես պլանավորված էր՝ սկիզբը եղավ Գյումրիի Վարդանանց հրապարակից, մոտ 1 ժամ 40 րոպե անց՝ հենց արևածագի պահին, մենք մոտեցանք Արագածի գագաթներին, անցանք Արագածի գագաթների վրայով, բարձրացանք 6100 մ բարձրության վրա: Տեսարաններն ուղղակի շատ գեղեցիկ էին, շատ տպավորված էի:
Թռիչքը եղել է փորձնական: Փետրվարին նպատակ ունի թարմացնել 4000 խորանարդ մետրանոց օդապարիկով ամենաերկար թռիչքի աշխարհի ռեկորդը: Այն արդեն 6 տարի պատկանում է ռուս օդաչուներին:
Նաիրի Բարսեղյան - Մենք փորձում ենք գերազանցել 32 ժամ 12 րոպեանոց ռեկորդը: Որպեսզի ռեկորդը գրանցվի, պետք է գոնե 1%-ով ավելի երկար գտնվել օդում: Այս պահին պլանավորում ենք 34-35 ժամ գտնվել օդում:
Արձանագրված ցուցանիշը գերազանցելու փորձ ունեցել է նաև նախորդ տարի, խոչընդոտել են տեխնիկական խնդիրները: Այսպիսի թռիչքի համար բավարար պայմաններ են անհրաժեշտ:
Նաիրի Բարսեղյան - Պետք է լինի -30 օդի ջերմաստիճան, պետք է լինեն ոչ ուժեղ քամիներ, որպեսզի շատ երկար ճանապարհ չանցնենք, պետք է լինի լիալուսին, որպեսզի գիշերային թռիչքի ընթացքում որևէ բան տեսանելի լինի, և այդ բոլորը հանգամանքները որ կետում հայտնվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այդ կետում էլ իրականացնելու ենք թռիչքը:
Նաիրին օդապարիկով թռիչքը կիրականացնի ռուս գործընկերոջ հետ: Փորձառու օդաչուն նշում է՝ հնարավոր չէ գործը միայնակ գլուխ բերել: Զբաղվածությունն այնքան շատ է, որ նույնիսկ սնվելու ժամանակ չի լինում:
Նաիրի Բարսեղյան - Չկա պահ, որ հանգստի վիճակում լինես, ամբողջ ընթացքում մեկը զբաղվում է նավիգացիայով, օդանավակայանների հետ կապ, թույլտվություններ ստանալ, մյուսը կառավարում է թռիչքը:
Թռիչքը նախատեսվում է իրականացնել Մոսկվայի հարակից հատվածում: Օդապարիկի շարժին կհետևի ու արդյունքը կգրանցի Ավիացիոն մարզաձևերի համաշխարհային ֆեդերացիան:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան