Փարիզի և Բաքվի միջև շարունակվում է հեռավար փոխհրաձգությունը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի ձևակերպումները Իլ-Դը-Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի Արցախ այցի վերաբերյալ:
Ժան-Իվ Լը Դրիան (Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար) - Նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրված պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք ձևով և բովանդակությամբ անընդունելի են։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին:
Ֆրանսիայի նախագահի ընտրությանը թեկնածուի կարգավիճակով մասնակցելու հայտ ներկայացրած Վալերի Պեկրեսն Արցախի Հանրապետություն էր այցելել նախորդ տարվա դեկտեմբերին, հանդիպել կառավարության անդամների և նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ փաստը զայրացրել էր Բաքվին: Իլհամ Ալիևը, չհետևելով դիվանագիտական բառապաշարին, մի շարք սպառնալիքներ էր հնչեցրել:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Եթե մենք տեղյակ լինեինք, որ նրանք այնտեղ են, մենք նրանց թույլ չէինք տա վերադառնալ: Լաչինի միջանցքը մեր վերահսկողության ներքո է: Մենք կարող ենք կանգնեցնել յուրաքանչյուր մեքենա, և մեզ ոչ ոք ոչինչ չի կարող ասել:
Թե՛ դե յուրե՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և թե՛ գործնականում, Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է: Բաքվում որոշել են չսահմանափակվել հայտարարություններով և Վալերի Պեկրեսին, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամներին ներառել սև ցուցակում: Իսկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, նրան բողոքի նոտա է հանձնվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև պատասխանել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ հայտարարելով, թե նախարարի խոսքերը հակասում են դիվանագիտական ավանդույթներին:
Ֆրանսիացի լրագրողներից մեկը տեղեկացրել է, որ Բաքվին պատասխան է նախապատրաստում նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի Սենատի, Ազգային ժողովի, Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, ինչպես նաև 242 այլ գործիչներ բաց նամակ են հղել Ֆրանսիայի նախագահին՝ պահանջելով, որ նա Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Պեկրեսից: