Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լիազորել եմ, կրում եմ պատասխանատվությունը և կրելու եմ պատասխանատվությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անկախ նրանց՝ ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը:
Վարչապետը նշեց, որ Ռուբեն Ռուբինյանին օժտել է այդ լիազորություններով քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
«Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ ԱԽ-ին և, մեծ հաշվով, Հայաստանի ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: