Ադրբեջանը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելությունը տարածաշրջան. հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարը: Դավիթ Բաբայանը, սակայն, ընդգծել է, որ իրենք Մինսկի խմբի հետ կապի մեջ են, հիշեցրել Արցախի նախագահի և Մինսկի խմբի ՌԴ նորանշանակ համանախագահի հանդիպումը:
Դավիթ Բաբայան, Արցախի արտաքին գործերի նախարար - Չեմ կարծում, որ համանախագահներն այդ շանտաժին տեղի կտան, և Ադրբեջանը կհասնի իր նպատակներին: Նպատակներին հասնելը դժվար է, բայց շատ ավելի հեշտ է աշխատանքին խոչընդոտելը:
Բաբայանն առանձնացրել է Արցախի արտաքին գերատեսչության 2022-ի գործունեության հիմնական ուղղությունները: Առաջնային են Արցախի միջազգային ճանաչումն ու տարբեր երկրների հետ կապերի հաստատումը, զարգացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը:
Դավիթ Բաբայան - Որպեսզի ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը: Իսկ սա շատ կարևոր է, որ և՛ աշխարհը իմանա, և՛ կարևոր ուժային կենտրոններն ունենան ճիշտ պատկերացում իրավիճակի մասին:
Դավիթ Բաբայանը, որ 1998 թվականից մասնակցել է բանակցային գործընթացին տարբեր կարգավիճակներով՝ նշել է, որ Արցախը երբեք չի հրաժարվել փախստականների վերադարձից, սակայն, նրանք պետք է վերադառնան որպես Ադրբեջանի կողմից ճանաչված Արցախի Հանրապետության քաղաքացիներ:
Դավիթ Բաբայան - Առանց բոլոր քաղաքական հարցերի լուծման չի կարող խոսք գնալ փախստականների մասին: Ի՞նչ է սա նշանակում: Պետք է կարգավորվեն քաղաքական բոլոր հարցերը՝ սահմանների հարցը, կարգավիճակի: Ճանաչո՞ւմ է ինքն Արցախի Հանրապետությունը, վերադառնո՞ւմ է որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, թե՞ ոչ: Այդ դեպքում որտե՞ղ է վերադառնում:
Փախստականների վերադարձը՝ հայերի վերադարձն Ադրբեջան և ադրբեջանցիներինն Արցախ կարող է լինել միայն հայելային՝ շեշտել է Բաբայանը և նկատել՝ Ադրբեջանը հայերի վերադարձին դեմ է:
Դավիթ Բաբայան - Հայերը վերադառնան նախկին ադրբեջանական ԽՍՀ տարածք՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ: Եթե չեն վերադառնում, մենք չենք կարող միակողմանի այդ հարցը քննարկել: Եվ, բնական է, Ադրբեջանը չի ուզում դրան գնալ: Ադրբեջանն ասում է՝ ոչ մի հայ չի վերադառնալու, իսկ իրենք պետք է վերադառնան ոչ թե նրա համար, որ մարդկանց զգացմունքներն են հարգում, այլ որպեսզի ժողովրդագրական առումով Ղարաբաղը կլանեն:
Ամփոփիչ ասուլիսում նախարար Բաբայանը հայտարարել է՝ Արցախի վրա դիվանագիտական հարձակման ցանկացած փորձ 2021-ին անպատասխան չի մնացել: