Իրանն ու Ռուսաստանը կարող են փոխշահավետ հարաբերություններ զարգացնել տնտեսության, առևտրի, քաղաքականության, մշակույթի և այլ ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Նա նշել, որ իրանական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել երկրների միջև ռազմավարական գործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը, ըստ Իրանի նախագահի, կարող է նախանշել երկու երկրների միջև առնվազն 20 տարվա գործակցության հեռանկարները։ Ռայիսին առաջարկել է համատեղել ջանքերն Արևմուտքին հակազդելու հարցում և հավելել, որ Իրանը երբեք չի դադարի զարգանալ արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը խոշոր նախագծեր են իրականացնում բազմաթիվ ուղղություններով։ Նրա խոսքով՝ Սիրիան կարողացավ հաղթահարել ահաբեկչական սպառնալիքները՝ մեծապես Ռուսաստանի և Իրանի օգնությամբ։ Պուտինը նշել է նաև, որ ցանկանում է քննարկել Իրանի դիրքորոշումը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
*****
Ադրբեջանն ակնկալում է, որ Հռոմի Ֆրացիսկոս պապը հանդես կգա որպես միջնորդ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Վատիկանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաևը: Նա այդ առաջարկը պայմանավորել է այն հանգամանքով, որ Սուրբ աթոռը երկու կողմերի հետ էլ լավ հարաբերություններ ունի: Որպես օրինակ՝ դեսպանը նշել է 2021 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:
*****
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա, որպեսզի հարթեն երկու երկրների միջև առկա տարաձայնությունները: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է թուրքական կողմի առաջարկին. «Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել իրավիճակն Ուկրաինայում: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից Մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ձգձգման հետ»,- նշել է նա:
*****
Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը մերժել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին կալանավորելու կամ 36 միլիոն դոլար գրավով ազատ արձակելու դատախազության միջնորդությունը։ Դատարանը, սակայն, նրան պարտավորեցրել է հարցաքննության ներկայանալ առաջին իսկ ծանուցման դեպքում։
Պորոշենկոն մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության համար։ Նա կասկածվում է 2014-2015 թվականներին Դոնբասի հետ ածխի առևտրի մեջ։ Պորոշենկոն ներկայացված մեղադրանքները չի ընդունում։