Հիշում եմ, կարծում եմ՝ դուք էլ հիշում եք, թե մինչև այս գործընթացում առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ հունվարի 14-ին, մեդիադաշտում և սոցցանցերում ինչպիսի փոթորիկ էր այն մասին, թե ՀՀ կառավարությունը ինչ-որ գաղտնի նախապայմաններով գաղտնի գործընթացների մեջ է մտնում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Հուսամ՝ այդ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրությունում, որը, ի դեպ, հավաստվեց և գրեթե նույնական էր նաև թուրքական կողմից տրված հաղորդագրության հետ, նշված էր, որ գործընթացը սկսելու կամ այդ գործընթացն ավարտին հասցնելու՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու որևէ նախապայման թուրքական կողմից չի դրվել, հայկական կողմից չի դրվել»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ է ունեցել:
«Որոշակի տեխնիկական և բովանդակային դետալների և հետագա ընթացքի վերաբերյալ է եղել. հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- նշեց ԱԳ նախարարը:
Կա նաև տեսակետ, որ Անկարան կարող է կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «միջանցքային» տրամաբանության հետ: Անդրադառնալով այս մտահոգությանը՝ Միրոզոյանը նշեց, որ եղել են մի քանի հրապարակումներ այն մասին, որ թուրքական փորձագիտական, պատգամավորական շրջանակներից միջանցքի տրամադրման հարցն իսկապես արծարծել են:
«Այստեղ կրկին մեր դիրքորոշումը վաղուց և բազմիցս հայտնել ենք. այդ թվում և հենց այս ամբիոնից. մենք որևէ «միջանցքային» տրամաբանության չենք համաձայնվելու. դա մեզ համար անընդունելի է: Մենք կողմ ենք տարածաշրջանային տրանսպորտային տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ այդ ապաշրջափակման արդյունքներով ինչպես Հայաստանն է Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ ստանալու, իսկ, ահա, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում՝ Թուրքիայի տարածքով, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից:
Այստեղ կարևոր մեզ համար ընկալումն է, որ որևէ ճանապարհ, որից կօգտվի երրորդ կողմը, պետք է լինի այն երկրի սուվերենության և օրենսդրության տակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ «միջանցք» չի կարող լինել: Նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. մնացած բոլոր ճանապարհների մասին խոսում են որպես ճանապարհներ»,- նշեց Արարատ Միրզոյանը: