2021 թվականը յուրահատուկ տարի էր Արցախի համար, որովհետև ծանր արհավիրքից, Արցախյան երրորդ պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր իր բոլոր դժվարություններով և խնդիրներով: Այս մասին ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում:
«Արցախը գտնվում է դեռևս ծանր վիճակում, որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Կարևոր է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք: Առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ պետականաշինության, առավել ևս՝ արտաքին քաղաքականության ոլորտում»,- նշեց Բաբայանը:
Արցախի արտգործնախարարի խոսքով՝ 2021-ին Արցախի ԱԳՆ-ն իրականացրել է իր գործառույթները, իհարկե, ավանդական մեր գործառույթները մնացել են նույնը, դրան գումարվել են այլ առաջադրանքներ:
«Ընդհանուր առմամբ փորձել ենք ամեն ինչ անել՝ մեր շահերը պաշտպանելու համար միջազգային տարբեր ատյաններում, որ անմասն չմնանք աշխարհաքաղաքական գործընթացներից»,- հավելեց Բաբայանը՝ ներկայացնելով կարևոր տվյալներ:
«2021-ին ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15, Եվրոպայի խորհրդում՝ 4 փաստաթուղթ: Պաշտոնական հայտարարություններ, մեկնաբանություններ, ընդհանուր առմամբ, 32-ն է եղել: 88 պաշտոնական հաղորդագրություն է եղել: Սա, կարծում եմ, բավական ակտիվ գործընթաց է, որն իրականացրել ենք ՀՀ կառավարության հետ համատեղ, Սփյուռքի աջակցությամբ:
Կարևոր է նաև, որ մենք շարունակենք սերտորեն համագործակցել Մայր Հայաստանի, սփյուռքի հետ և ներհայկական մեր միասնականությունը պահպանենք: Բնական է, մեր հարցերը, նպատակները մնում են նույնը. դա և՛ հակամարտության կարգավորումն է, և՛ երկկողմ հարաբերությունների զարգացումը, և՛ սփյուռքի տարբեր գաղթօջախների հետ մեր կապերի ամրապնդումը: Սրանք 2021-ի մեր կարևոր ուղղություններից են, դրան գումարվել է մեզ համար նոր առաջադրանք: Դա մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը, իսկ սա շատ կարևոր է»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը հակիրճ ներկայացրեց 2022 թվականին Արցախի ԱԳՆ անելիքները, ընդգծեց՝ շարունակելու են համառորեն պաշտպանել Արցախի շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը, բոլոր միջոցներով ամրապնդել ՀՀ-ի, Սփյուռքի հետ հարաբերությունները:
«Մեզ համար, որպես կարևորագույն ուղղություն, լինելու է Արցախի միջազգային ճանաչումը. սա եղել է և կմնա մեր կարևորագույն հարցերից մեկը: Բնականաբար, ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորումը եղել է և կմնա մեր կարևոր առաջադրանքներից»,- ընդգծեց Բաբայանը:
Անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանն ու մարտավարությանը՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը մասնավորապես շեշտեց. «Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելով ԱԳՆ որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին»: