«Ակօս» թերթի հիմնադիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը հարգելու համար բազմությունն այս տարի էլ՝ սպանության 15-րդ տարելիցին, խմբագրատան շենքի դիմաց էր։ «Հրանտի ընկերներ» նախաձեռնության կողմից հերթական անգամ կազմակերպված հիշատակի արարողությունն անցավ «Բոլորս Հրանտ ենք», «Բոլորս հայ ենք» վանկարկումների ներքո։ Ռաքել Դինքն այս տարի էլ ելույթ ունեցավ՝ վկայակոչելով իր սիրելի «ջութակին»։
Ռաքել Դինք, Հրանտ Դինքի այրին - Իմ ջութակ, 15 տարի եղավ, ինչ թիկունքից արձակված նենգ փամփուշտները քեզ խլեցին մեզանից։ Ձայնդ դեռ մեր ականջներում է։ Մինչդեռ քեզ էին մեղադրում դավաճանության, թիկունքից հարվածելու համար՝ ամեն անգամ, երբ խոսում էիր քո ազգին պատահածների մասին։
Արարողության ընթացքում այս տարի ելույթ ունեցավ Նազըմ Օզգյուն Աֆշինը, որը Դինքի սպանության ժամանակ ընդամենը հինգ տարեկան էր և նախ ծնողների հետ, ապա միայնակ, ամեն տարի հունվարի 19-ին հիշատակի արարողության է մասնակցել։ Արարողության մասնակիցներից Բերֆին Աթլըն ընդամենը 11 տարեկան էր, երբ լսեց Դինքի սպանության մասին։ Նա էլ այսօր՝ 15 տարի անց, «Ակօսի» խմբագրատան դիմաց է։
Բերֆին Աթլը, հետազոտող - Այդ ժամանակ շատ բան չէի հասկանում։ Հետո դպրոցում սկսեցին խոսել դեպքի մասին։ Ամեն ինչի մասին տեղեկանում էի ուսուցիչներից, ավելի բարձր դասարանների աշակերտներից։ Հիշում եմ, որ Դինքին հեղափոխական էին կոչում։
Արարողության ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Դինքի հիշատակին։ Չնայած Ստամբուլի համար ծայրահեղ ցուրտ եղանակին և համաճարակին՝ արարողությանը ներկա մասնակիցների թիվը չէր զիջում նախորդ տարիներին։
Արմատներով Բաթմանցի Դըլովանը պատմում է, որ Հրանտ Դինքի մահից հետո են բացահայտել, որ կիսով չափ հայ են, քանի որ մայրը միայն դրանից հետո է սկսել պատմել ընտանեկան պատմությունները։
Դըլովան Գյումուշ, Ստամբուլի բնակիչ - 15 տարեկան դպրոցական էի։ Բաթմանում էի բնակվում և հեռուստացույցով տեսա։ Մորական կողմից հայ եմ։ Մայրս շատ էր ազդվել։ Մինչ այդ իր մոր՝ տատիս պատմությունները չէր պատմում։ Սակայն Հրանտ Դինքի սպանությունից հետո սկսեց ավելի շատ խոսել։ 1915-ի դեպքերի մասին սկսեց պատմել։ Եվ սա այն դեպքում, երբ մայրս չի խոստովանում իր հայկական արմատների մասին։
Թուրքիայի հայկական համայնքից հաճախ կարելի է լսել, որ շատերը կանխատեսում էին Դինքի սպանությունը կամ գոնե գիտեին, որ ինչ-որ բան այն չէ։ Հայ երիտասարդ լրագրող Էստուկյանը նշում է, որ Դինքը մեկն էր, որը լավագույնս էր կարողանում երկխոսել թուրքական հասարակության հետ։
Վարդան Էստուկյան, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթ - Հրանտ Դինքը միակն էր, որ հակառակ կողմի, այսինքն՝ Թուրքիայի ավելի մեծ համայնքի հետ կարողանում էր խոսել առանց կոտրելու, վիրավորելու։
«Ակօսի» թղթակից Էստուկյանը կարծում է, որ Դինքի դաժան սպանությունը քաջալերեց Թուրքիայի հայ երիտասարներին լինել ավելի համարձակ և ավելի հաճախ բարձրաձայնել առկա խնդիրների մասին։
Վարդան Էստուկյան - Մենք միշտ ասում ենք, որ մեկ հոգի մահացավ, բայց հազարավորները ծնվեցին։
Արարողության կազմակերպիչները ողջունեցին նաև Թուրքիայում անարդարացիորեն բանտարկված մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, որոնք տարիներ շարունակ ճաղերի հետևում են։ Վստահեցրեցին, որ Դինքի դատավարությունն ավարտված չի համարվի, քանի դեռ արդարությունը չի հաստատվել։