Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում գործընթացը կշարունակվի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ աշխատանքների վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք ամենասերտ և հաճախակի կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Վաղուց արդեն նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, ենթադրաբար, կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխելու այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահներն ու համանախագահող երկրները չպետք է տրվեն ադրբեջանական կողմի ճնշումներին. այդ այցը, այնուամենայնիվ, պետք է կայանա»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ այդ այցը նախատեսված էր սեպտեմբերին, հետո տեղափոխվեց նոյեմբեր, այնուհետև՝ հունվարի կեսեր:
«Գիտեք որ նշված ամիսներին այցը տեղի չի ունեցել. այժմ արդեն կարծես թե համանախագահները փորձում են շատ ավելի կոնկրետ ժամկետներ և ամսաթվեր ճշտել և ի վերջո անցկացնել այդ այցը»,- ասաց նախարարը:
Միրզոյանը հիշեցրեց, որ իր և ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների միջև վերջին հանդիպումը եղել է Ստոկհոլմում:
«Գիտեք նաև, որ նախատեսված էր հանդիպում նաև «3+2» ձևաչափով երեք համանախագների, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, և վերջին պահին՝ հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ, մենք ստացանք տեղեկատվություն, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել այդ հանդիպմանը՝ որոշակի պատրվակ բերելով: Բայց ուզում եմ ասել, որ այդ պահին արդեն բավականին շոշափելի էր օրակարգը, որով առաջարկվում էր շարունակել բանակցությունները, և կարող էինք խոսել խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման մասին: Վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է այս ձևաչափում շարունակի խաղաղ գործընթացը»,- ասաց ԱԳ նախարարը: