«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ՝ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ
Ազգային ժողովն աշխատանքը սկսեց բնապահպանական նախագծի քննարկմամբ: Շրջակա միջավայրի նախարարն առաջարկում է օզոնաքայքայիչ մի շարք նյութերի ներմուծման և իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել 2 տոկոս: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օտարերկրյա ներդրողների գործունեությունը հեշտացնող նախագծով էր օրենսդիր եկել, սակայն խորհրդարանի 2-րդ ուժը շեղվեց օրակարգային թեմայից:
Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Պարոն Քերոբյան. այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, որ խոստանում էր՝ հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց: Հիմա ինձ հետաքրքիր է՝ թե ինչպե՞ս եք վերաբերվում այս անձնավորությանը, և հարց՝ ե՞րբ եք հրաժարական տալու:
Իշխող թիմն էլ ընդդիմադիրների տված խոստումները հիշեցրեց:
Ծովինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ձեր քաղաքական թիմի անդամներից ոմանք ասում էին՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում հաղթի, կարտագաղթենք: Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ, է, ոչ մի բան...
Քննարկվող «Լիցենզավորման մասին» նախագծի համաձայն՝ գործունեության 13 տեսակ է հստակեցվում, որտեղ գործունեություն ծավալելու դեպքում օտարերկրյա ընկերությունների համար լիցենզավորման կարգը դյուրացվում է:
Հռիփսիմե Ստամբուլյան (ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ես չգիտեմ՝ այս օրինագիծը գուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար. Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են:
Քննարկվող նախագծերն ուշադիր կարդալու խորհրդով Բաբկեն Թունյանը դիմեց ընդդիմադիր գործընկերոջը: Ընդդիմությունը քննադատում է նախագծերը, բայց առարկայական առաջարկություններ չի ներկայացնում՝ նկատեց Թունյանը:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Երբ աում եք՝ կոնկրետ երկների համար է արվում ու հիշատակում եք Ստամբուլ-Երևան թռիչքը, հիշեցնեմ, որ Թուրքիան այդ երկրների ցանկում չկա, դրա համար հարկավոր է նախագիծը մի քիչ ավելի ուշադիր կարդալ:
Երևան-Ստամբուլ թռիչքի թեման ու միմյանց անցյալը հիշեցնելն այսքանով չավարտվեց: «Քաղաքացիական պայմանագրից» Հասմիկ Հակոբյանը Երևան-Ստամբուլ թռիչքներից դժգոհող Հռիփսիմե Ստամբուլյանին հիշեցրեց, որ ինքն է տարիներ շարունակ գումար վաստակել մեր հայրենակիցներին Ստամբուլ տեղափոխելու արդյունքում:
Հասմիկ Հակոբյան (ՀՀ ԱԺ « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ակցիա, Երևան-Ստամբուլ-Երևան, 96 հազար դրամ, սիորվ սպասում ենք ձեզ. «Անրիվա տուր»: Մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, ով չգիտի, որ «Անրիվա տուր» տուրիստական կազմակերպության հիմնադիր տնօրեն է հանդիսանում Հռիփսիմե Ստամբուլյանը, որը մի քանի րոպե առաջ այստեղ մեզ վրա մատ էր թափահարում, որ կազմակերպվում են Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր:
Երևան-Ստամբուլ չվերթը նախաձեռնվել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ Դաշնակցությունն էլ իշխանության մեջ էր՝ սա էլ Վաղարշակ Հակոբյանի հիշեցումն էր:
Վաղարշակ Հակոբյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-2016 թվականը, այնուհետև 2016 թվականին հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս Ջեթ» ընկերությունը 2016 թվականին: Ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռել է հայկական ընկերությունը, և դեպի Երևան՝ թուրքական ընկերությունը: Սա շարունակվել է մինչև 2019 թվականը, այնուհետև մնացել է միայն թուրքական ավիաընկերությունը՝ դեպի Երևան:
Գեղամ Մանուկյանի ելույթն էլ Երևան-Ստամբուլ, Ստամբուլ-Երևան թռիչքների գործարկմանն էր նվիրված: Նրա խոսքով՝ որևէ մեկը դեմ չէ թռիչքների իրականցմանը, նա խնդիրն այլ տեղ է տեսնում:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Երևան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրեն Տաթևիկ Ռևազյանն է խոսում, այլ խոսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրև բարի կամքի դրսևորում։
Մանուկյանի համար խնդիր չէ՞ր, որ Հայ հեղափոխական դաշնակցության միջոցով եղել են հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ հետաքրքրվեց Վահագն Ալեքսանյանը: Նա հավելեց՝ տարիներ շարունակ իշխանության մաս կազմած Դաշնակցությունը ժողովրդի հետ անազնիվ է:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր) - Նույն Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ-ի համար, օրինակ, խնդիր չի եղել, որ իրենք 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի հանձարարությամբ կամ առնվազն գիտությամբ եղել են Հայաստան-Թուրքիա գաղտնի բանակցություններ, որոնք վարվել են շվեյցարական կողմի միջնորդությամբ: Միջնորդն էլ եղել է Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղարը: Սա իրենց համար խնդիր չի եղել, էս մարդիկ դրա դեմ չեն պայքարել, նախարարական պորտֆելները չեն շպրտել սեղանին:
ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
Խորհրդարանի օրակարգային հարցերին էլ հերթ հասավ. առաջին ընթերցմամբ քննարկվեց ընդդիմության ու իշխանության ողջունած՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն առաջարկում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, տատին, պապին և փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:
Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ինձ հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցները չունեն կին, զավակներ, ծնողներ, և հատուցում չի տրամադրվել նրանց ընտանիքի որևէ անդամի: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր այս 16 դեպքով մեր զինծառայողներն ունեն հարազատ քույր, տատ և պապ:
Պատգամավորները քննարկեցին հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները, որոնց համաձայն՝ առանց պատվաստումը հավաստող QR կոդի կամ թեստի բացասական պատասխանի, հնարավոր չի լինելու այցելել հանրային սննդի վայրեր, մշակութային կենտրոններ: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ օրակարգում էր, կրկին թեժ քննարկմամբ: Առաջարկվեց սահմանել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Օրենքը պրակտիկ կիրառման ընթացքում ցույց է տվել, որ ունի բաց: Մասնավորապես, 8-րդ գումարման ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում ընտրել նախագահի տեղակալ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Ազգային Ժողովը նաև փակ-գաղտնի քվեարկությամբ, 65 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ընտրեց Հովհաննես Խաչատրյանին: Նրա թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկել՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
Հեղինակ՝ Անի Օհանյան