ԺԱՆ-ԻՎ ԼԸ ԴՐԻԱՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին, որը վերջերս այցելել էր Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ալիևի խոսքերն իրենց ձևով և բովանդակությամբ անընդունելի են, ինչի մասին տեղեկացվել է նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։
Ադրբեջանում արձագանքել են Լը Դրիանի հայտարարությանը՝ նշելով, որ նախարարը խախտել է դիվանագիտական էթիկան՝ անընդունելի որակելով Իլհամ Ալիևի խոսքերը։ Երկրի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները եղել են հիմնավորված և ճիշտ։ «Ցավում ենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը դա չի հասկանում»,- ընդգծել է Աբդուլաևան։
ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՊԿ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ
Այսօր ավարտվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղազախստանից։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուս խաղաղապահ ստորաբաժանումները վերջնականապես հայրենիք կվերադառնան հունվարի 19-ին։ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստան էին ուղարկվել հունվարի 6-ին՝ երկրում զանգվածային անկարգությունների ֆոնին։ Զորակազմում ընդգրկվել էին խաղաղապահ ստորաբաժանումներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։
ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼԱՎՐՈՎ-ԲԼԻՆՔԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև, Բեռլին և Ժնև սպասվող այցերը որակել է «դիվանագիտական փորձ»՝ նվազեցնելու Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը։
Ավելի վաղ Պետքարտուղարությունում հաստատել են, որ հունվարի 21-ին Ժնևում նախատեսված է ԱՄՆ Պետքարտուղարի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Հանդիպման նպատակն է շարունակել դիվանագիտական գործակցությունը անվտանգության հարցերի շուրջ», - հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բլինքենի և Լավրովի հանդիպմանն ընդառաջ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ հավելելով, որ Մոսկվան Վաշինգտոնից ակնկալում է գրավոր պատասխան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմի բոլոր առաջարկների հետ կապված:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ՆԱՎԹԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ
Իրաքն ու Թուրքիան կապող Քիրքուկ-Ջեյհան խոշոր նավթամուղի վրա հունվարի 18-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել. բռնկվել է հրդեհ: Նավթատարի աշխատանքը դադարեցվել է։ Կրակի մարման աշխատանքներին ներգրավվել է 19 միավոր տեխնիկա։ Պայթյունի պատճառը դեռ չի պարզվել: Պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
ԳՈՒՏԵՐԵՇԸ ՄԵՐԿԵԼԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՄԱԿ-ՈՒՄ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել Է դառնալ ՄԱԿ-ում բարձր մակարդակի խորհրդական: Մերկելը առայժմ չի պատասխանել գլխավոր քարտուղարի նամակին․ ՄԱԿ-ում, սակայն, համոզված չեն, թե նա կընդունի աշխատանքի առաջարկը։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ «ՕՄԻԿՐՈՆՈՎ» ՎԱՐԱԿՄԱՆ 1200 ԴԵՊՔ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
Վրաստանում կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամով վարակման 1200 դեպք է հայտնաբերվել, հոսպիտալացվել է ընդամենը 14 վարակակիր։ Վերջին երկու օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման բացարձակ հակառեկորդ՝ ավելի քան 7500 հաստատված դեպք: Վարակաբանները ահազանգում են, որ Վրաստանը բախվել է կորոնավիրուսի վեցերորդ ալիքին։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև հունվարի վերջ Վրաստանում «Օմիկրոնն» ամբողջությամբ դուրս կմղի «Դելտա» շտամը։