ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը:
Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։
Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում»,- մասնավորապես ասված է Լևոն Յոլյանի դիմումի մեջ:
Յոլյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին, Կառավարությանը, Ազգային ժողովին՝ համատեղ աշխատանքի համար։
Հիշեցնենք՝ Լևոն Յոլյանը այս պաշտոնին ընտրվել էր 2017-ի փետրվարի 27-ին, երբ դեռ պալատը կոչվում էր Վերահսկիչ:
Սահմանադրության 199-րդ հոդվածի (Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը) 2-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ: