Հայկական կողմն սպասում է պաշտոնական Բաքվի արձագանքին՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակում ռուսական կողմի միջնորդությամբ նրանց փոխանցված առաջարկների վերաբերյալ: Խորհրդարանում հայտարարեց Արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ պաշտոնական Երևանի պատրաստած նոր փաթեթում ներառված միջոցառումներն ուղղված են սահմանին լարվածության նվազմանն ու անվտանգության և կայունության բարձրացմանը: Փաստաթղթի բովանդակությունը Հայաստանի գլխավոր դիվանագետը չգաղտնազերծեց, միայն նշեց.
Արարատ Միրզոյան, ՀՀ արտաքին գործերի նախարար - Մանրամասներ, բնականաբար, չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի: Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշմանը և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծումից, մեր ընդհանուր նախապես հռչակած հայեցակարգից:
Հայելային հետքաշումը ո՞ր ժամանակաշրջանի սահմաններին է վերաբերում՝ սա էլ հետաքրքրվեց «Պատիվ ունեմի» քարտուղարը: Միրզոյանը մանրամասնեց՝ խոսքը Խորհրդային սահմանների մասին է, բանակցությունները դրանց շուրջ են ընթանում: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ձևավորելուն, արտգործնախարարը նշեց՝ ժամկետների հարցում հստակություն չկա, քանի որ կան որոշակի հանգամանքներ, որոնք պետք է համաձայնեցվեն ու հստակեցվեն:
ՀԱՊԿ մեխանիզմները ե՞րբ են գործարկվելու, որ դուրս շպրտվեն արդեն 8 ամիս Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական Զինված ուժերը՝ այս հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրացրեցին: Օրինակ բերելով ղազախական փորձը՝ ընդդիմությունից նկատեցին, ՀԱՊԿ 4-րդ հոդվածը գործարկելու համար անհրաժեշտ է միայն Հայաստանի դիմումը: Ապա Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանի՝ դեռ նախընտրական շրջանի ձայնագրությունը միացրեց, որում այն ժամանակ պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր՝ պետք է ճշտել, թե ինչ պարտավորություն ունի ՀԱՊԿ-ը մեր նկատմամբ, իսկ մենք՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ:
Ձայնագրության մեջ նշված ամեն ինչ հնչել ու քննարկվել է ՀԱՊԿ աշխատանքային մակարդակում, որոշ հատվածներն էլ հրապարակային են ասվել՝ նշեց վարչապետը՝ արձագանքելով ձայնագրությանը: Նրա խոսքով՝ ստանձնելով ռազմական դաշինքի նախագահությունը, Հայաստանը նորից խոսել է իր առաջնահերթությունների մասին, որոնք վերաբերում են ճգնաժամային իրավիճակների արձագանքաման մեխանիզմների կատարելագործմանը: Ու երբ եկել է պահը, այդ մեխանիզմները գործել են, այն էլ առաջին անգամ՝ նշեց Փաշինյանն ու անդրադարձավ Հայաստանի սահմանային իրավիճակի դեպքում ՀԱՊԿ ուժերի միջամտության հարցին:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ինչ վերաբերում է Ղազախստանի հետ կապված որոշմանը, դրա վերաբերյալ բավարար պարզաբանումներ հնչել են, լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Հայաստան-ՀԱՊԿ հետագա հարաբերություններին, ՀՀ կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության կայացնել որոշումներ և այն դեպքերում, երբ նպատակահարմար չէ, արդյունավետ չէ, չկայացնել այդ որոշումները: Շնորհակալ եմ, որ հիշեցնում եք նման որոշումների կայացման հնարավորության մասին, համոզված եղեք, որ մենք այդ մասին երբեք չենք մոռանում:
Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ապագայի մասին։ Ալիևը հեգնելով Մինսկի խմբին՝ նրանց թոշակի ուղարկեց ու հայտարարեց՝ միջազգային միջնորդները չպետք է զբաղվեն Ղարաբաղյան հակամարտությամբ, որովհետև այն արդեն լուծված է։ Անդրադառանալով պաշտոնական Բաքվի այս դիրքրոշմանը՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց. թեև Ադրբեջանի այս ապակառուցողական կեցվածքին, միջազգային հանրությունը Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցը դիտարկում է Մինսկի խմբիմ մանդատի շրջանակում: Միրզոյանը նաև տեղեկացրեց՝ առաջիկայում նախատեսված է համանախագահների այցը տարածաշրջան:
Միրզոյանն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա նոր սկսված երկխոսության գործընթացին, նշեց՝ երկու երկրներն էլ պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել են՝ հարաբերությունների կարգավորման են գնում առանց նախապայմանների:
Ինչ վերաբերում է հատուկ ներկայացուցչի ընտրությանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը վարչապետին հարցրեց՝ ի՞նչ գրավոր հիմք ունի Ռուբինյանի նշանակումը, ի՞նչ կարգավիճակ ունի նա՝ հարցրեց: Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից՝ արձագանքեց վարչապետը: