Հայաստանում ստեղծվում է դրամական փոխանցումների ազգային համակարգ` STAK Money Transfer: Այն թույլ կտա առանց բանկային հաշիվ բացելու դրամական փոխանցումներ իրականացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Ի՞նչ է սա ենթադրում: Եթե այսօր երկրից երկիր փոխանցումը և գումարի ստացման պրոցեսը որոշակի ժամանակ է պահանջում, ապա «Ստակին» միանալու դեպքում նման խնդիր չի առաջանա: էական չէ, թե ձեր փոխանցումը որքան ժամանակում հասցեատիրոջը կհասնի, փոխանցումից անմիջապես հետո դուք կստանաք կոդ, այն կտրամադրեք գումարը ստացողին և նա նույն վայրկյանին կարող է բանկից ստանալ գումարը:
Համակարգին միացել է հայաստանյան 17 բանկից 13-ը: Իսկ «Ստակ» անունը վերցված է հին կտակարանից, որը նշանակում է փող:
Օլեգ Աղասյան (ՀՀ ԿԲ բիզնես գործընթացների գլխավոր ճարտարապետ) - Այս համակարգը կոչվում է առանց հաշվի բացման դրամական փոխանցումների համակարգ, այսինքն՝ դուք կարող եք հաշիվ չունենալ բանկում, փոխանցումը կատարել: Բայց նախատեսված է համակարգում նաև հետևյալ տիպի փոխանցում. ասենք՝ դրսից փոխանցում կարող են անել այստեղ՝ բանկային հաշվին, այստեղ՝ քարտային հաշվին, այստեղ՝ էլեկտրոնային փողերի հաշվին՝ ոչ միայն կանխիկով ստանալու համար:
Ընդհանուր առմամբ, համակարգը տրանսֆերտների համար է, այսինքն՝ երբ երկրից երկիր մարդիկ իրար գումար են փոխանցում: Սպասվում է, որ միջինում տարվա կտրվածքով դեպի Հայաստան և Հայաստանից դուրս փոխանցվող ավելի քան 1.5 մլրդ դոլար տրանսֆերտները հենց այս համակարգով կլինեն: Փոխանցվող գումարը կունենա առավելագույն սահմանաչափ:
Օլեգ Աղասյան - Աշխարհով ընդհանրապես ընդունված է, որ քանի որ դա մանրածախ փոխանցումների համակարգ է, սահմանափակում դրվում է. դա հիմնականում 10 հազար դոլարի սահմանում է: Բայց ինձ թվում է, որ 10 հազար դոլարի սահմանը բավականին է, որպեսզի հաճախորդները շատ հեշտ փոխանցումներ կատարեն: Ավելի մեծ գումարներն ուղղակի բանկային համակարգով են կատարվում, փոխանցումները՝ «Սվիֆթ» համակարգով:
Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ այս տարվա առաջին եռամսյակում բանկերն ու արտասահմանյան համակարգերը կմիանան «Ստակին», իսկ մոտ 6 ամիս հետո համակարգն ամբողջությամբ կաշխատի: Այսօր բանկային համակարգով փոխանցումներ կատարելիս միջնորդավճարը գումարի 1.5-ից 4 տոկոսի է հասնում, այս համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է, որ միջնորդավճարի առավելագույն շեմը կլինի 2-2.5 տոկոսի շրջանակում:
Համակարգը թույլ է տալու փոխանցումներ կատարել 4 արժույթով՝ դրամ, ռուբլի, դոլար և եվրո: «Ստակը» հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել նաև այլ երկրների միջև:
Օլեգ Աղասյան - Նախկին Խորհրդային Միության երկրների մեջ մենք, ինչպես ասեմ՝ գաղափարով, որ ստեղծեցինք սա, առաջինն էինք, բայց, ցավոք սրտի, երկրորդն էինք ներդրման տեսանկյունից: Տաջիկստանում ներդրվեց նման համակարգ, նրանք հիմա պրոբլեմներ ունեն, բայց մեզ թվում է, որ մենք ներդնելով՝ պրոբլեմներ չենք ունենա:
«Ստակ» համակարգի 100 տոկոս սեփականատերը Կենտրոնական բանկն է, հետագայում հնարավոր է դրա մեծ մասը վաճառվի առևտրային բանկերին, ինչպես օրինակ՝ «ԱրՔա» համակարգի դեպքում է եղել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան