Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ մեր երկրում կվերակառուցվի կամ կկառուցվի 46 դպրոց:
Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կառավարության կողմից ընտրվել են առավել վատթար վիճակում գտնվող դպրոցները, և հաստատվել է, որ պետք է վերակառուցվեն այս ծրագրի շրջանակներում:
14 դպրոց գտնվում է Երևանում, մնացածը՝ մարզերում: Դպրոցների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի և Կառավարության համաֆինանսավորմամբ:
Արթուր Սողոմոնյան - Այս պահի դրությամբ արդեն 7 դպրոցում շինաշխատանքներն ավարտվել ու հանձնվել են երեխաներին, այնտեղ իրականացվում են դասընթացներ, ևս 19 դպրոց գտնվում է շինարարության տարբեր փուլերում:
Սողոմոնյանի խոսքով՝ եթե ոչինչ չխանգարի, ընթացիկ տարում կավարտվի ևս 8 դպրոցի շինարարություն: Կառավարությունը կարևորելով ծրագիրը՝ նախատեսում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել, որ բոլոր 46 դպրոցների նախագծման և շինարարական աշխատանքներն ավարտվեն մինչև 2025 թ:
Արթուր Սողոմոնյան - 130 միլիոն դոլարը գերազանցող ծրագիր է, ունի արդյունքային ցուցանիշներ, որին պետք է հասնենք. շուրջ 20 հազար աշակերտի համար կրթական պայմանների բարելավումն է, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար:
Շենքը կառուցվում է բոլորովին նոր քաղաքաշինական նորմերով՝ մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում դիմակայուն: Արտակարգ իրավիճակներում սեյսմիկ կառույցը փոխում է իր հիմնական նշանակությունը և բնակչությանը ծառայում որպես ապաստարան կամ հոսպիտալ: Սա ծրագրի հիմնարար նպատակներից է:
Արթուր Սողոմոնյան - Օրինակ՝ Երևանի թիվ 6 դպրոցը, որն ի սկզբանե աշխատել է որպես հոսպիտալ:
Դպրոցի ամենահին՝ որպես հոսպիտալ ծառայած մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռևս 1936 թվականին, 1975-ին կառուցվել է երկրորդը: Երկուսն էլ գտնվում էին վթարային վիճակում, մարզադահիճը՝ երրորդ կարգի վթարային, շենքի հիմքերը խարխլում էին նաև կոյաջրերը, որոնք հարևան շենքերից անարգել լցվում էին նկուղ:
Արթուր Պետրոսյան (շինաշխատանքների ղեկավար) - Աշխատանքներն սկսել ենք 2020-ի հոկտեմբերին, քանդել ենք գոյություն ունեցող շենքը, որը խարխլված վիճակում էր: Բաղկացած էր 3 առանձին մասնաշենքերից, երկուսն ամբողջությամբ քանդվել է, մնացել է մեկի միայն արտաքին ֆասադը: Դրա փոխարեն կառուցվում է 3 մասնաշենք, բայց ավելի մեծ:
Տարիների ընթացքում Հակոբ Կարապենցի անվան դպրոցում մասնակի նորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ էր հիմնովին վերակառուցել՝ հատկապես հաշվի առնելով սեյսմիկ վտանգը:
Արթուր Պետրոսյան - Շինարարական ընդհանուր մակերեսը մոտ 2 հազար է, պահպանվող մասի հատվածը 996 քառ. մ է:
Դպրոցն այժմ ունի 810 աշակերտ, վերակառուցումից հետո թիվը կանցնի 1000-ը: Ինչպես այս ծրագրով կառուցվող կամ վերակառուցվող մյուս դպրոցները, այս մեկը ևս կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներով երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:
Արթուր Պետրոսյան - Մի մասնաշենքի կարկասն ավարտել ենք, առաջին երկու հարկի միջնորմերը շարել ենք, ներսի էլեկտրական մոնտաժը նախատեսում ենք սկսել:
Վերակառուցման համար ներդրված գումարը 1 մլրդ 91 մլն դրամ է: Երաշխիքային ժամկետ կա, ինչ թերություններ հայտնաբերվեն 1 տարվա ընթացքում, կշտկվեն: Չնայած համավարակին ու պատերազմին՝ շինարարների խոսքով՝ խոստացված ժամկետում աշխատանքը կավարտեն. 2022-ի սեպտեմբերին դպրոցը նոր տեսքով կընդունի աշակերտներին: