Ելենա Ավագյան (առաջատար գիտաշխատող) - Սա մեր ակտիվ հավաքածուն է, պահպանվում է 4-5 աստիճանի տակ:
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի բանկում պահվող սերմերի անունները տիկին Ելենան անգիր գիտի: Ինչի սերմ է, տեղական է թե ոչ՝ պահվում են նաև QR ծածկագրերով: Սերմը վիրուսակիր է թե ոչ՝ պարզվում է՝ ՊՇՌ թեստեր անում են նաև բույսերի համար, նույնիսկ վիրուսի թաքնված շրջանն են բացահայտում:
Իրինա Վարդանյան (լաբորատորիայի վարիչ) - ՊՇՌ մեթոդով մենք ախտորոշում ենք տարբեր հիվանդությունները՝ վիրուսային, բակտերիալ և սնկային հիվանդությունները, այս փուլում մենք մեկուսացնում ենք ԴՆԹ:
Հայկական սերմերը հիմա մեծ պահանջարկ ունեն ԵԱՏՄ շուկայում: Արտահանման լայն հնարավորություն է ստեղծվել հատկապես սերմերի միասնական շուկա ունենալու ԵԱՏՄ որոշումից հետո:
Գայանե Սարգսյան (Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի տնօրեն) - Բնականաբար, պահանջարկը կամաց-կամաց աճում է, և այս տարի մենք կաշխատենք մեծ քանակներով արտահանել: Դրա համար նախատեսված է, որ այս տարի պետք է շատ արտադրենք:
Թեև ավանդական սորտերը քիչ բերքատվություն ունեն, սակայն աշխարհում նախընտրում են ոչ թե հիբրիդային, այլ սորտային սերմերի պտուղները: Ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև Եվրոպական երկրներում բանջարեղենի հայկական սորտերի սերմերը պահանջարկ ունեն:
Գայանե Սարգսյան - Մենք ուղարկել ենք Շվեդիա, Շվեյցարիա վարունգի սերմեր էին ուզում, ուղարկեցինք մեր «Գայանե», «Հայարփի», «Նազրվան» սորտերը: Ուղղակի հիացած էին ու բավականին մեծ քանակի պատվեր արեցին:
Կենտրոնը, սակայն, պատրաստ չէր մեծածավալ պատվերների: Էկոնոմիկայի նախարարությունը խնդիր էր դրել վերազինել բանջարաբոստանային ու տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, որտեղ գործող ֆիտոլաբորատորիայի արդյունքներով հիմա հնարավոր է նաև սերմերին միջազգային հավաստագիր տրամադրել: Ձեռք բերված նոր հոսքագծերով հիմա հնարավոր է սերմը պտղից մաքուր զատել:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Շատ կարևոր է ինվիտրո եղանակով ստանալ սերմեր և տնկանյութեր: Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն արտահանել բանջարանոցային բույսեր, այլև հենց մեծ չափով զարկ տալ սերմնաբուծությանը, որը փոքր տարածքներում կարող է բավականին մեծ գումարներ բերել:
ԵԱՏՄ երկրներում բաց դաշտում ցանք անելու համար սերմի 50 տոկոսի պակաս կա, այն ներկրվում է երրորդ երկրներից: Ջերմոցային տնտեսությունների համար սերմի գրեթե 100 տոկոսն է ներկրվում: Հայաստանը կարող է այդ պակասի մի մասը լրացնել: