ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ գազի սակագնի վերաբերյալ հարցին:
«Կալորիականությունից ելնելով՝ առաջարկ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվելու է, կամ ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է: Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու: Այդ հնարավորությունը կա, որովհետև կարծում եմ՝ դուք էլ պատկերացնում եք, որ կալորիականության հաշվարկի կիրարկման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին»,- ասաց Գրիգորյանը:
«Գազպրոմ Արմենիան» հունվարի 13-ին հայտարարել էր, որ մտադիր է ապրիլի 1-ից թանկացնել կապույտ վառելիքը։ Այդ մասին խոսակցություններն սկսվեցին, երբ հայտնի դարձավ, որ ռուսական ընկերությունը Հայաստանի Կառավարության հետ պայմանավորվել է սահմանին գազի գինը 10 տարի շարունակ պահել 1000 խմ-ի հաշվով նույն՝ 165 դոլար-մակարդակում, միայն թե արդեն ոչ թե եղած 8300-8500, այլ ավելի քիչ՝ 7900 կիլոկալորիա ջերմատվությամբ վառելիքի համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ստացել էգազամատակարարի՝ սակագնային վերահաշվարկի հայտը, համաձայն որի՝ Հայաստանում այժմ գործող տարբերակված՝ բնակիչ-բաժանորդի, բիզնեսի ու սոցիապես անապահով սպառողների սակագների փոխարեն ընկերությունն առաջարկում է կիրառել մեկ միասնական բանաձև, և բոլոր բաժանորդների համար ապրիլի 1-ից անցնել գազի փաստացի ջերմատվության հետ կապված մեկ միասնական սակագնի։