Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով դեռևս նախատեսված չէ. այս պահին կա նախատեսված ՄԽ համանախագահների այց տարածաշրջան: Հավանաբար տեղյակ եք՝ վաղուց արդեն քննարկվում է այս հարցը, բայց անընդհատ պարբերաբար հետաձգվում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ՝ Միրզոյանն ասաց.
«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով և դիրքորոշմամբ, ինչը, իհարկե, խանգարում է բոլոր եղած խնդիրների՝ ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանը և, ըստ այդմ, բոլորի համար ընդունելի, լավ, նորմալ լուծումների փնտրտուքին և ամրագրմանը:
Այդուհանդերձ, պետք է ասեմ՝ ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ, և պիտի ասեմ նաև, որ մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է՝ իրականությունը, մի բան է՝ միջազգային հանրության դիրքորոշումը:
Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ մի քիչ ավելի ժամանակ մատուցվող դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված է, և ո՛չ ԼՂ հիմնախնդիր, ո՛չ ԼՂ գոյություն չունի, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին սրան համաձայն չէ, և իրականությունն այդպիսին չէ: Ապացույց կարող եք գտնել անցյալ տարի Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրոքորոշումներին, որ կա ԼՂ հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատով. սա միակ ձևաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը: