Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության մասնագետների խումբը տեղերում բնակիչներին կտեղեկացնի ինքնակամ կառույցների դեմ ձեռնարկած միջոցառումների մասին:
Խոսքը առաջին հերթին վերաբերում է այս տարվա հունվարի 6-ից հետո կառուցված և կառուցապատման չափորոշիչներին չհամապատասխանող, շինարարության թույլտվություն չունեցող շենք-շինություններին:
Արամ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար) - Դրանք կարող են համարվել անօրինական և ենթակա են քանդման: Ըստ օրենքի՝ դրանք կարող են առաջացնել նաև իրավական հետևանքներ, և այն անձինք, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված, կենթարկվեն պատասխանատվության:
Նպատակը ոչ թե կառուցածը քանդելն է, այլ օրինական դաշտ բերելը՝ ասում է քաղաքաշինության պատասխանատուն: Կառավարությունը ժամանակացույց է մշակել և կառուցապատողին հնարավորություն տվել հաշվառել արդե՛ն կանգնեցված շենքն ու փաստաթղթեր ձեռք բերել:
Աշոտ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Եթե ես գիտեմ, որ ապօրինի շինարարություն եմ արել, և պետությունն ինձ հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով օրինականացնեմ, ինչո՞ւ պիտի ընդվզեմ:
Պաշտոնյան վստահ է՝ ընդվզում չի լինի, որովհետև հաշվառման ողջամիտ ժամկետներ են գործում: Օրինակ, եթե ավտոտնակը, կցակառույցը, խանութը կամ կրպակը կառուցել են մինչև 2021 թվականը, փաստաթղթեր ձեռք բերելու համար քաղաքացին 3 տարի ժամանակ ունի: Այլ է խնդիրը, եթե շենքը կառուցապատման համար անթույլատրելի տարածքում է, ասենք՝ ջրագծի կամ կոյատարի վրա:
Աշոտ Հովհաննիսյան - Հողային օրենսգրքով 60 հոդվածի վրա կառուցված հողեր, որոնց հողամասը սեփականության ենթակա չէ:
Մարզպետարանում խորհուրդ են տալիս օրինականացնել մինչև այս տարվա հունվարի 6-ը կառուցված ինքնակամները, եթե արդե՛ն հաշվառել են կադաստրի կոմիտեում: Իսկ եթե շինարարությունը սկսել են հունվարի 6-ից հետո, խոսել օրինականացման մասին՝ ավելորդ է: Հաշվառման են ենթակա նաև 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ապօրինի շինությունները:
Պետությունը դրանց համար երկամսյա ժամկետ է սահմանել: Իսկ այն կառուցապատողները, որոնք ապօրինի շինարարության համար կրկնակի վարչական տույժ են ստացել, հաջորդ անգամ ավելի խիստ պատիժ կկրեն:
Արամ Հովհաննիսյան - Կարող են ենթարկվել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության, եթե բավարար հիմքեր կան:
Թե քանի ապօրինի շինություն կա մարզում՝ թվեր դեռ չկան: Բայց օրերս մարզպետարանի աշխատակիցները դադարեցրել են երկու ինքնակամ կառույցի շինարարություն, երկուսն էլ՝ գյուղական համայնքներում:
Գյուղերում, ի դեպ, անօրինական կառույցների հաշվառման վերջնաժամկետը ոչ թե 2024 թվականն է, ինչպես քաղաքներում, այլ 2025-ը: