Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զինծառայողի քրոջը, եղբորը, տատին, պապին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, զավակ կամ ծնող:
«Առաջարկում եմ օրենքում կատարել փոփոխություն և այն զոհված զինծառայղների մասով, ովքեր չունեն կին, զավակներ, միաժամանակ չունեն ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին ու պապերին: Հատուցման գումարը բաշխվելու է հավասարաչափ: Այսինքն՝ եթե զոհված զինծառայողն ունի 2 հարազատ եղբայր, նրանցից ամեն մեկը կստանա միանվագ 5 միլիոն դրամ և 100 հազար դրամ առաջիկա 20 տարվա ընթացքում ամենամսյա կտրվածքով: Առաջարկել եմ նաև շահառու ճանաչել զոհված զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնվող, բայց ամուսնության պետական գրանցում չունեցող կանանց»,- ասաց պատգամավորը:
Սարգսյանի խոսքով՝ այս պահին առկա է 16 դեպք, որտեղ բացակայում են զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող հանդիսացող շահառուները, և այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումն այդ զինծառայողների մասով չի կատարվում: Նրանք բոլորն ունեն քույրեր և եղբայրներ: