Բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու գործով առաջին նիստը դռնփակ անելու որոշում կայացվեց: Դեռ նիստից առաջ, առանց որոշման, կարգադրիչները դատավոր Մանվել Շահվերդյանի կարգադրությամբ՝ չթույլատրեցին լրագրողների մուտքը դահլիճ: Դատախազությունը նիստերը դռնփակ, իսկ պաշտպանները դռնբաց անցկացնելու միջնորդություն են ներկայացրել: Դատարանը, սակայն, որոշումը չի փոխել:
Երեմ Սարգսյան, Ավետիք Մուրադյանի պաշտպան - Բոլորի ցանկությունը, պատճառաբանությունը նրանում էր, որ հրապարակային բոլոր փաստերը քննարկվեն, որպեսզի բոլորի համար պարզ լիներ` իրականում ինչ է տեղի ունենում, այլ ոչ թե ընտրած փաստերի վրա, որոնք իրենց իրավունք են վերապահում այդպիսի տվյալներ հրապարակել:
Այս գործով մեղադրյալ են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ ավելի հայտնի Պատրոն Դավո մականվամբ, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ-ի երկու պաշտոնատար անձինք:
Դատարանում էին, սակայն, միայն կալանքի տակ գտնվող անձինք, քանի որ այս նիստին քննարկվելու էր նրանց կալանքը վերահաստատելու կամ փոփոխելու հարցը: Ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի պաշտպանը պնդեց՝ կոնկրետ այս նիստում որևէ պետական գաղտնիքի մասին խոսք լինել չէր կարող:
Պաշտպանական կողմը պատրաստվում է ինքնաբացարակի միջնորդություն ներկայացնել դատավորին. նրանք ենթադրում են, որ գործի մակագրումն իրականացվել է ընթացակարգի խախտմամբ, ոչ այբբենական հերթականությամբ, ինչպես նախատեսում է կարգը։ Հենց այս ճշտումը կատարելու համար էլ նիստը հետաձգվել է։
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում տեղի ունեցած քննչական գործողություններին, ապա Դավիթ Տոնոյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ մեկ առերեսում է տեղի ունեցել՝ նախարարի նախկին տեղակալ, գործով վկա Մակար Ղամբարյանի հետ:
Սերգեյ Հովհաննիսյան, Դավիթ Տոնոյանի պաշտպան - Նշված առերսումով ձեռք են բերվել միայն այնպիսի տվյալներ, որոնք ի նպաստ են եղել մեզ:
Վկաների և մեղադրյալների հետ առերեսվել է նաև ամբաստանյալ Դավիթ Գալստյանը: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն օրեր առաջ «Լուրերի» հետ զրույցում գործի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացնելիս նշել էր՝ պաշտոնյաները տեղյակ են եղել, որ հրթիռները մատակարարման պահին եղել են անպիտան: Պաշտպանական կողմն էլ, սակայն, պնդում է՝ դրանք ժամկետի մեջ են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան