2022-ի երկու շաբաթվա ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ 200 ստուգայց է իրականացրել, կազմել 6 արձանագրություն: Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչի խոսքով՝ անցյալ տարվա համեմատ պատկերը փոխվել է, խախտումներ հազվադեպ են արձանագրում:
Դավիթ Ղազարյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Կատարվել է մոտ 1800-1900 ստուգայց, մոտ 10-15 տոկոս արձանագրություն է կազմվել՝ քաղաքացիների և տնտեսվարողների մասով, և սա ողջունելի է, քանի որ նրանք պահպանում են հակահամաճարակային կանոնները:
Թեև առաջին հայացքից տնտեսվարողը պահպանում է հակահամաճարակային կանոնները, տեսուչները, այնուամենայնիվ, շրջում, ստուգում են պահպանման նորմերը, տեղում նաև ցուցումներ տալիս:
Դավիթ Ղազարյան - Հորդորեցի է՛լ ավելի հաճախ ախտահանեն, մաքրությունը դա վիրուսի դեմ պայքար չէ, պետք է ախտահանեն ավելի հաճախ:
Մշտադիտարկման արդյունքում պարզվեց՝ Քովիդով վարակման վերջին դեպքը այս խանութում եղել է նոյեմբերի 26-ին: Աշխատակիցների մեծ մասը կորոնավիրուսի դեմ պատվաստված է:
Փակ տարածքում դիմակ դնել հրաժարվող քաղաքացուն տեսուչ Ղազարյանը տևական ժամանակ հորդորում էր՝ եթե սեփական առողջության մասին կարող է չմտածել, բայց ուրիշների կյանքը վտանգել՝ ոչ: