ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է արել «դադարեցնել Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման առիթով բարձրացրած հիստերիան»: Տեղեկությունը գերատեսչությունը հրապարակել է իր Facebook-ում։
«Հունվարի 18-ին Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները միաձայն հայտարարեցին ռուս-ուկրաինական սահմանին դեէսկալացիոն քայլերի բացակայության մասին։ Ավելին, նրանք պնդում են, որ մեր երկիրը ցանկացած պահի կարող է ներխուժել հարևան պետություն, այդ թվում՝ Բելառուսի տարածքից։
Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա: Սեփական տարածքում զորքեր տեղափոխելու պրակտիկան մեր ինքնիշխան իրավունքն է։ Կոչ ենք անում վերջ տալ հիստերիային ու չսրել լարվածությունը Դոնբասի խնդրի շուրջ։ Ամենագլխավորը՝ Կիևի «տաք գլուխներին» մի մղեք նոր սադրանքների»,-ասված է հայտարարության մեջ։
Դեսպանատունն ԱՄՆ-ին նաև խորհուրդ է տվել ներուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար հրաժարվել Ուկրաինայի զինված ուժերին զենքի նոր խմբաքանակներ մատակարարելու ծրագրերից։ «Փոխարենը, Վաշինգտոնը պետք է իր ազդեցությունն օգտագործի՝ նպաստելու Կիևի կողմից մինսկյան համաձայնագրերի սաբոտաժի դադարեցմանը»,- նշված է հայտարարության մեջ։